«Այսպիսի սպաների կարիք շատ ենք ունեցել». ՀԵՐՈՍ Արտաշեսը հետախուզության հատուկ ջոկատի սպա էր, Ապրիլյանի մասնակից և 44-օրյային էլ տվեց իր ամենաթանկը

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր լույսերից ևս մեկին, ով ընկավ, որ մենք ապրենք. Արտաշես Վագիֆի Բեգլարյան:

Մեր հերոս Արտաշեսը կապիտան էր, հայոց բանակի նվիրված ու պատասխանատու սպա: Ծնվել է 1982 թվականին Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում: Հրաշալի ընտանիք ուներ, երկու երեխաների հայր էր, բայց պատերազմը նրանց փոխում է նաև նրանց ճակատագիրը: Արտաշեսը ծառայում էր Պաշտպանության բանակում, հետախուզական հատուկ ջոկատի սպա էր: Իր ամբասիր ծառայության համար բազմիցս արժանացել էր մեդալների: Հերոսը նաև Ապրիլյան քառօրյայի մասնակից էր:

Այս անգամ էլ, մենակ չթողնելով իր հայրենիքը, հենց առաջին ժամերից մարտի է ելել: Մինչև վերջին շունչը կռվել է ու պաշտպանել Թալիշի դիրքերը: Սակայն իր մարտական առաջադրանքի ժամանակ զոհվել է պատերազմի 3-րդ օրը՝ սեպտեմբերի 29-ին՝ հայրենիքին տալով ամենաթանկը:

Արտաշես Բեգլարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: