ՀՀ Ազգային Հերոս, ով նվիրաբերել է ավելի քան 500.000 դոլար՝ ԼՂՀ-ում իրականացվող ծրագրերի համար. մեծ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ անունով դեռ իր օրոք փողոց անվանակոչեցին

ՀՀ Ազգային Հերոս, ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանակիր Ալեք Մանուկյանը ծնվել է 1901թ. հունիսի 20-ին ավան Քասաբա (Զմյուռնիա)։ 1950-ականներին ջրամատակարարման համակարգում հայտնվեցին միաբռնակ ծորակները: Այս հեղափոխական հայտնագործության հեղինակը մեր հայրենակից, գործարար և բարերար Ալեք Մանուկյանն էր:

1929թ. հիմնել է «Մասկո» միջազգային ընկերությունը։ 1968թ. հիմնել է «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամը։

Մեծ գումարներ է նվիրաբերել եկեղեցիներին, դպրոցներին, մշակութային միություններին, մարզական ու երիտասարդական կազմակերպություններին, ծերանոցներին, գրադարաններին, օժանդակել տարբեր համալսարաններում հայագիտական ամբիոնների հիմնադրմանը եւ հայկական ծրագրերի իրականացմանը։ Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի պատվո անդամ՝ հիմնադրամին նվիրաբերել է ավելի քան 500 հզ. դոլար, որի մի մասն ուղղվել է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու շինարարությանը եւ ԼՂՀ-ում իրականացվող տարբեր ծրագրերի։

1953-89թթ. եղել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական վարչական ժողովի նախագահ, 1970թ.-ից՝ ցկյանս, 1989թ.-ից՝ պատվավոր նախագահ։ 1994թ. նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Մահացել է 1996թ. հուլիսի 11-ին ք. Դետրոյտ (Միչիգանի նահանգ, ԱՄՆ)։

Պարգեւատրվել է բազմաթիվ պատվո շքանշաններով, արժանացել մի շարք համալսարանների պատվո դոկտորի կոչման։ Նրա անունով կոչվել են փողոցներ Երեւանում, Ստեփանակերտում, Մոնրեալում։ Ստեփանակերտում տեղադրված է նրա արձանը։