ԼԵԳԵՆԴԱՐ ՀԱՅ, ում աշխատանքները Մոսկվայում արժանանում էին միայն ԱՌԱՋԻՆ մրցանակի. այն, ինչ պարտավոր ենք իմանալ ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԻ մասին

Գեղանկարիչ, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Կոջոյանը ծնվել է 1883թ. դեկտեմբերի 15-ին Ախալցխայում: 

1918թ. Հ.Կոջոյանը հաստատվել է Հայաստանում և նույն թվականին Ն.Մառի հնագիտական արշավախմբի հետ մասնակցել Անիի պեղումներին: Հայոց մայրաքաղաքում անցկացրած օրերի տպավորությունները հետագայում արտահայտվել են նրա «Անիի ավերակները» (1919) նկարում: 1920թ. հուլիսին Հ.Կոջոյանը ճարտարապետ Ալ.Թամանյանի նախագծով ստեղծել է Հայաստանի Հանրապետության զինանշանը:

Ճարտարապետ Կ.Հալաբյանի և նկարիչ Ս.Առաքելյանի հետ Հ.Կոջոյանն աշխատել է ռուսաստանյան հեռագրական գործակալության հայկական բաժանմունքի (ԱրմԿավՌՕՍՏԱ) արվեստանոցում, թողարկել ագիտացիոն պլակատներ և ծաղրանկարներ: 1923թ. նկարչի աշխատանքը Մոսկվայում արժանացել է առաջին կարգի դիպլոմի: 1925թ. նա մի շարք նշանավոր նկարիչների հետ իրականացրել է «Խորհրդային Հայաստանի հինգ տարին» ժողովածուի ձևավորումը, մասնակցել ՀԽՍՀ պետական զինանշանի էսքիզների ցուցահանդեսին:

Նրա նկարազարդումները 1934թ. ներկայացվել են խորհրդային գրողների առաջին համագումարի առթիվ Մոսկվայում բացված ցուցահանդեսում` նկարչին բերելով լայն ճանաչում: Այդ շրջանում նրա գործերը ներկայացվել են խորհրդային գրաֆիկայի միջազգային մի շարք ցուցահանդեսներում (Լոնդոն, Ֆիլադելֆիա, Դանցիգ):

1939թ. Հ.Կոջոյանը մասնակցել է Մոսկվայում բացված հայկական արվեստի տասնօրյակի ցուցահանդեսին և պարգևատրվել Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: Հ.Կոջոյանի վերջին տարիների լավագույն ստեղծագործություններից են Հ.Թումանյանի «Փարվանա» լեգենդի նկարազարդումները:

Հ.Կոջոյանը վախճանվել է 1959թ. ապրիլի 24-ին Երևանում:

Հ.Կոջոյանի ստեղծագործությունները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Սանկտ Պետերբուգի ռուսական թանգարանում, Մոսկվայի` Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Կիևի ռուսական արվեստի թանգարանում և նկարչի` 1973թ. Երևանում ստեղծված տուն-թանգարանում: