Կոմանդոսի հայրը հարգված հոգևորական էր, ով հայոց Ցեղասպանության վերապրածներից էր

«Ես առանձնապես ոչինչ չեմ արել: Պարզապես խորհրդային իշխանությունն ինձ սովորեցրել էր ռազմարվեստ՝ մարտական ու տեխնիկական բաղադրիչներով, իսկ ես այն 1991-1992 թթ. փոխանցել եմ գործընկերներիս»,—հարցազրույցներից մեկի ժամանակ այսպես է գնահատել իր ավանդը Արցախյան պատերազի հաղթանակի մեջ հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը:

Կոմանդոսը ծնվել է 1939 թ. մայիսի 22-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Հայրը Հայոց ցեղասպանությունը վերապրածներից է: Նա 1915-ի դեպքերից հետո հաստատվել է Անիի Մայր տաճարի դիմաց՝ Արաքսի Հայաստանյան ափին գտնվող Խարկով փոքրիկ գյուղում, ու ստանձնել տեղի բնակչության հոգևոր հովվի պարտականությունները:

1937-ի ստալինյան բռնաճնշումների տարիներին գյուղացիների հարգանքը վայելող հոգևորականը, նախապես տեղեկանալով, որ իրեն պատրաստվում են աքսորել, հասցնում է հեռանալ գյուղից: Նախ՝ մեկնում է Ռուսաստան, այնուհետև հաստատվում Վրաստանում՝ Թբիլիսիում, որտեղ էլ ծնվում է ապագա հրամանատարը:

Արկադի Տեր-Թադևոսյանը միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիի՝ համար 9, իսկ հետո՝ համար 10 ռուսական դպրոցներում: Մի առիթով Կոմանդոսը պատմել է, որ դպրոցական տարիներին առիթ է եղել մասնակցելու մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի:

Ե´վ ինքը, և´ ուսուցիչները վստահ են եղել, որ ոսկե կամ արծաթե մեդալի հավակնորդ աշակերտը ձեռնունայն չի վերադառնա: Մնում էր կատարել միակ պահանջը, որ դրված էր մրցույթին մասնակցելու համար՝ փոխել հայկական ազգանունը. բայց պահանջը չի բավարարվում: Անահիտ Չալիկյանի հոդվածից։