Դարի մեծագույն ՀԱՅԸ․ շնորհավոր ծնունդդ ԼԵԳԵՆԴ

ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան ու հասարակական գործիչ և վերջապես ՄԵԾ ու ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՀԱՅ Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է այսօր։ Վաղինակ Միքայելի Ազնավուրյանը ծնվել է 1924թ-ի մայիսի 22-ին Փարիզում։ 2008 թվականին Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր ու Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։

Ավելորդ է ներկայացնել Ազնավուրին տրված կոչումների, գնահատականների ու պարգևների շարքը, որոնք մեկը մեկից գերազանց են ու սպասված բոլորի կողմից: Նա վաստակել է դարի մեծագույն լեգենդի անունն ու անփոխարինելի սերը, հարգանք է վայելում համաշխարհային առումով: Ավելորդ է հիշեցնել նաև նրա համամարդկային արժանիքների մասին, իր ժողովրդին նեցուկ լինելու, բազմաթիվ բարեգործական ծրագրեր իրականացնելու ու մեզ միայն բարձունքում տեսնելու նրա երազանքի մասին: Ազնավուրը ոչ միայն դարի մեծագույն արտիստն է, այլև ՄԱՐԴԸ:

94-ամյա Ազնավուրը շարունակում էր երգել ու համերգային մեծ ծրագրեր ունենալ աշխարհի տարբեր մայրցամաքներում՝ ծագող արևի երկրից մինչև եվրոպական ու ամերիկյան ամենաազդեցիկ երաժշտական քաղաքները: Նա նաև շարունակում էր գրել, համագործակցել երիտասարդ երգիչների հետ, հարցազրույցներ տալ ու այս ամենի միջոցով մարդկանց ուղարկել իր հոգու, մտքի անսահման լուսավոր էներգիան: Այդ էներգիան չփոխվեց անգամ վերջին տարիներին առողջական ու տարիքային որոշ խնդիրների պատճառով: