«Ապրիս, եղբա’յր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»․ նա Հայաստանը միշտ ուզում էր բարձունքում տեսնել

«Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբա’յր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»»: Այսպես է ասել Վիլամ Սարոյանը Շառլ Ազնավուրի մասին։ Այդպես էլ եղավ, աշխարհը ապրում է Ազնավուրի, մեծ շանսոնյեի երգերի ներքո։

1963թ. Նյու Յորքի «Քարնեգի Հոլ»-ում նրա համերգը ոչ մի ազատ աթոռ չէր թողել: Այս համերգին ներկա լինելով է Բոբ Դիլընը հետագայում ասել, որ դա իր տեսած ամենաազդեցիկ ներկայացումներից մեկն էր: Անմիջապես հետո հաջորդել են Ազնավուրի համաշխարհային շրջագայություններն ու փառքի՝ այլևս չհեռացող լույսը: Ազնավուրը երգեր է գրել նաև Պիաֆի, Իվ Մոնտանի, Ժիլբեր Բեկոյի համար:

Նրա երգերը կատարել են Բոբ Դիլընը, Ռեյ Չարլզը, Ֆրենկ Սինատրան, Նաթ Քինգ Քոլը, Լայզա Մինելին, Խոսե Կարերասը, Էլվիս Կոստելոն, Հուլիո Իգլեսիասը, Նանա Մուսկուրին, Էլթըն Ջոնը և այլ լեգենդներ: Ազնավուրին սիրում և մեծարում են նաև երիտասարդ աստղերը, ովքեր անձամբ են խոստովանել, որ հարգանքով ու խոնարհմամբ են խոսում Ազնավուրի մասին:

«Մենք չենք շտապում,- ասել է նա 2006թ. հարցազրույցներից մեկում:- Դեռ երիտասարդ ենք: Կան մարդիկ, ովքեր ծերանում են, և կան մարդիկ, ովքեր պարզապես ավելացնում են տարիները: Ես տարիներս եմ ավելացրել, բայց դեռ չեմ ծերանում»: