ՆԱ տեսավ «աշխատանքի և ոսկու մեծ կռիվը», երգեց «բանվոր գնդերի» ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ. մեծանուն ՀԱՅ, ում տեքստերով էր Սպենդիարյանը երգեր գրում

Հայ բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանը ծնվել է 1865 թվականի ապրիլի 28-ին: Սովորել է ծննդավայրի դպրոցում, աշակերտել Արշակ Ագապյանին, ավարտել (1881թ.) քաղաքային երեքդասյան ուսումնարանը։

Ուսումը շարունակելու համար 1881թ.-ի աշնանը մեկնել է Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց ընդունվելու երազանքով, որը չի իրականացել։ Բանվորություն է արել խճուղու շինարարությունում, աշխատել որպես «դուքնի աշկերտ», գործակատար։ 1883թ.-ին ընդունվել է Թիֆլիսի արհեստագործական դպրոցը, հիվանդության պատճառով կիսատ թողել։ Անհաջողությամբ է ավարտվել նաև 1885թ.-ին Էջմիածնի Գևորգյան ճեմարան ընդունվելու փորձը։

Մինչև 1902թ.-ը ուսուցչություն է արել Նիժնի Նովգորոդդի և Մոսկվայի հայ մեծահարուստների ընտանիքներում, ծառայել բանկային և առևտրական գրասենյակներում։ Եղել է Մ. Բարխուդարյանի 1888թ.-ից Մոսկվայում հրատարակված «Հանդես գրական և պատմական»-ի հիմնական աշխատակիցը, իսկ Մ.Բարխուդարյանի բացակայությամբ նաև հրատարակիչը։ Նա միաժամանակ աշխատակցել է «Մուրճ»-ին։

Ծատուրյանը ժողովրդադեմոկրատական հայեցակետից արտացոլել է «կյանքի խորթ զավակների» վիշտն ու տառապանքը, ձաղկել բուրժուական էգոիզմը, դարաշրջանի արատները («Դարուս զավակը», «Մեր դարը», «Դարավերջի բարքերից»)։ Ժամանակի բարքերի մերկացումները նրա քնարերգության մեջ միահյուսվում են ազգային վշտի ու տառապանքի, ազգային-ազատագրական պայքարի մոտիվները («Տուր ձեռքդ, ընկեր», «Ո՛ւր ես, հայ բլբուլ…», «Դարեր եկան…», «Զինվորի երգը»)։ Նրա պոեզիային հատուկ հումանիզմն ու ազատասիրական ձգտումները ավելի են խորացել ռուսական առաջին հեղափոխության մթնոլորտում։ Նա տեսել է «աշխատանքի և ոսկու մեծ կռիվը», երգել «բանվոր գնդերի» հերոսամարտը («Բանվորուհու օրորը»)։

Ծատուրյանը մասնակցել է Յու.Վեսելովսկու և Մ.Բերբերյանի կազմած «Армянские беллетристы» (1893թ.) ժողովածուի նյութերի ընտրության ու թարգմանության գործին, Յու.Վեսելովսկու հետ ռուսերեն է թարգմանել Գ.Սունդուկյանի «Պեպո»-ն։ Նրա երկերը ռուսերեն են թարգմանել Յու. Վեսելովսկին, Վ. Բրյուսովը։

Նրա տեքստերով երգեր են գրել Ա. Սպենդիարյանը («Այ վարդ», «Մի լար, բլբուլ»), Ա. Տեր-Ղևոնդյանը («Արի ընկեր», «Սերմնացան»)։ Ժողովրդական ճանաչում ունեն նրա խոսքերով գրված «Նավավար», «Հայ մայրենին» երգերը։ Բանաստեղծը մահացել է 1917 թվականի մարտի 31-ին Թիֆլիսում: