Չկա գեթ մեկ ՀԱՅ, որ չգիտի ու չի երգել «Քելե, լաո, քելե էրթանք մըր էրգիր» երգը. ցավոք, այսօր քչերը գիտեն ՆՐԱ ԼԵԳԵՆԴԱՐ ՀԵՂԻՆԱԿԻՆ. իսկ Դուք հիշու՞մ եք ՆՐԱՆ

Գևորգ Հակոբյան անուն-ազգանունը քչերը գիտեն, փոխարեն աշխարհում չկա գեթ մեկ հայ, որ չիմանա նրա նշանավոր երգի այս տողերը` «Քելե, լաո, քելե էրթանք մըր էրգիր, Էրթանք ըն ձոր, քաղենք մատղաշ խավրծիլ, Քաղինք, քաղինք, էնինք մըզի ճար ու դեղ, Քելե, լաո, քելե էրթանք մըր էրգիր»:

Համազգային աղոթքի վերածված այս երգի հեղինակը պատահական մարդ չէր, որ հայտնվեց, ընդամենը գրեց այս երգը և գնաց: Գևորգ Հակոբյանը ծնվել է 1932 թվականին՝ Թալինի շրջանի Վերին Սասնաշեն գյուղում, Մուշ-Սասուն աշխարհից բռնագաղթված տարագիրների ընտանիքում: Ծնողների և համագյուղացիների կարոտն ու մորմոքը սրում Գևորգի հայրենաբաղձության զգացումները և նա իրեն նվիրում է նրանց հոգու գանձերը գուրգուրելու և սերունդներին փոխանցելու գործին:

«Քելե լաոն» 88-ի թեժ օրերին նոր կյանք առավ, հնչեց Ազատության հրապարակում, ծավալվեց, գնաց ու հասավ մինչև Արցախ, փոթորկեց զենք բռնած հայորդիների սրտերը, դարձավ ազատամարտ ու մեծ հաղթանակ: Իր տարիների մտորումներն ու երազանքները դարձրեց մի գեղեցիկ վիպասք` «Ծովասարի կակաչները» անունով:

Այսօր հարցրեք յուրաքանչյուր սասունցու` ով էր Ժորա Հակոբյանը և կտեսնենք` ինչ ժպիտ է փայլում նրանց դեմքին և ինչ հպարտությամբ են նրանք խոսում մայրենիի փայլուն ուսուցիչ, արձակագիր, բանաստեղծ, բանահավաք մտավորականի մասին:

Գևորգ Հակոբյանն իր ստեղծագործությամբ և հատկապես այդ ստեղծագործության թագն ու պսակը կազմող «Քելե լաո»-ով կարևոր դասեր է հղում մեզ` երբեք տուրք չտալ սեփական զգացողությունների գայթակղությանը, լինել այնպես բնական, ազնիվ ու պարզ, ինչպես ժողովուրդը, և ժողովուրդն անմիջապես կգնահատի դա և կհամարի իրենը:

Գևորգ Հակոբյանն իր կերպարով հիշեցնում էր միջնադարյան դպիրների, ովքեր իրենց կյանքի գերագույն խնդիրն էին համարում ոչ թե սեփական անձի ընդգծումը, այլ վերին ճշմարտությանը ծառայելն ու փոխանցելը սերունդներին: Այդ ազնվագույն մարդը վաստակել է հիշվելու և մեծարվելու պատվին: