«Իմ ճանապարհը հեշտ չի եղել, շատ դառնություններ եմ ճաշակել»․ բարի ու անսահման մեծ սիրտ ունեցող մարդը

Թվում էր, թե նա միշտ է լինելու… Նա մեր էությունն էր՝ իր անսահման տխուր աչքերով և մեզ սթափեցնող ձայնը՝ անգամ իր իմաստուն ու ներողամիտ լռությամբ:

Ոչինչ այդքան չի կարողացել հնչեցնել աշխարհում հայերի ու Հայաստանի անունը, որքան ինքը՝ Շառլ Ազնավուրը, այդ լուսավոր, բարի ու անսահման մեծ սիրտ ունեցող մարդը: Աշխարհը գրում է, խոսում մի երգչի մասին, ով ֆրանսիացի երգիչ էր, բայց հայ էր ու կապված Հայաստանին, հայ ժողովրդին:

«Ֆրանսերենն իմ աշխատանքային լեզուն է, բայց ընտանեկանս միշտ հայերենն է»,- ասել է շանսոնյեն: Շառլ Ազնավուրը 1000-ից ավելի երգերի հեղինակ էր, 200 միլիոնի հասնող ձայնագրություններով ու ամենասպասված արտիստներից մեկն աշխարհում: Նա կատարում էր իր երգերը ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, գերմաներեն, իսպաներեն և այլ լեզուներով:

Ազնավուրի կյանքում ամենամեծ ազդեցությունը ընտանիքն էր: Ծնողների՝ Միշա Ազնավուրյանի և Քնար Բաղդասարյանի շնորհիվ է ձևավորվել նրա սերը երաժշտության և թատրոնի հանդեպ: Ինը տարեկանից նա արդեն խաղում էր դպրոցի ներկայացումներում, իսկ երկու տարի անց հանդես եկավ ֆրանսիացի ճանաչված դերասանուհի Իվոն Փրետանի հետ՝ մարմնավորելով Հենրի 4-րդ արքայազնին:

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ...»,- ասել է Շառլը, ով չնայած այդ դժվարություններին, համաշխարհային համբավ ձեռք բերեց և  ճանաչվեց 20-րդ դարի լավագույն երգիչ։