Փափազյանի կյանքի պատմությունը․ նա 15 տարեկանից աշխատում էր ապրուստ վաստակելու համար

Ձեզ ենք ներկայացնում հայ մեծանուն գրող Վրթանես Փափազյանի կյանքի մանրամասները։ Նա ավարտել է մի շարք համալսարաններ, որոնց թվում է Ժնեւի համալսարանը։

Իսկ մինչ այդ՝ սկսած 15 տարեկանից, ապրուստ հայթայթելու համար կատարելու էր ցանկացած աշխատանք՝ սեւագործ բանվոր, լուսանկարիչ, հեռագրիչ… Երկար տարիներ ուսուցչություն էր անելու ծննդավայր Վանում, Թիֆլիսում, Թեհրանում, Շուշիում, Բուխարեստում, Բուրսայում, Էջմիածնում և այլուր:

Հետո խմբագրելու էր «Կռիվ», «Շավիղ», «Ղարաբաղ» պարբերականները, Կարինում ուսուցչության տարիներին կապեր էր հաստատելու ընդհատակյա հայ հայրենասիրական խմբակների հետ, ճանապարհորդելու էր Արեւմտահայաստանով մեկ և Ապրո կեղծանունով հրապարակելու «Նամակներ թուրքաց Հայաստանից» ակնարկաշարը:

1889-ից  մամուլում սկսում են տպագրվել Փափազյանի գեղարվեստական գործերը՝ պատմվածք-պատկերների շարքը, որոնք հետագայում լույս են տեսնում երկու գրքով՝ «Պատկերներ թուրքահայոց կյանքից» եւ «Պատմվածքներ թուրքահայոց կյանքից»: Հակոբ ՍՐԱՊՅԱՆԻ հոդվածից։