Հայկական ազնվական տոհմերի պատմությունը․ ինչո՞վ էին նրանք հայտնի

Պետք է խոստովանել, որ ինչպես Տեր-Պողոսյանների (Տեր մասնիկը ցույց է տալիս, որ տոհմում եկեղեցականներ են եղել), այնպես էլ Ջանփոլադյանների եւ Տեր-Ավետիքյանների տոհմը ոչ միայն առաջադեմ, կրթված մարդիկ էին, այլեւ բարի, հասարակ մարդկանց կարիքները հասկացող:

Նրանք հագնվում էին ամենանորաձեւ սալոններում, ամենալավ ոսկերիչների թանկարժեք իրերի հավաքածու ունեին, չէին մոռանում իրենց արմատները, չէին արհամարհում ազգականներին, ավելին, օգնում էին շնորհալիներին, ազնիվներին, աշխատասերներին:

Բարությունը, պատիվն ու բացարձակ ճշտապահությունը նրանց կոմերցիոն հաշվարկների հիմքն էր: Ի դեպ, վերը ասվածի ապացույցներ կան և այսօրվա Երեւանում` «Սպայի տան» շենքը, որ գտնվում էր Հանրապետության հրապարակի մոտակայքում, կառուցվել էր դեռ 20-րդ դարի սկզբին, որպես բարեգործական թատրոն: Ինչպես նաև երկհարկանի տունը` մոդեռն ոճով, որտեղ գտնվում էր Տեր-Ավետիքյանի հիվանդանոցը և բարեգործական կլինիկան:

Ի դեպ, հենց այստեղ է 1921թ. կանգ առել Հովհ. Թումանյանը, երբ եկել էր բոլշեւիկների և դաշնակցականների միջեւ հարաբերությունները կարգավորելու փետրվարյան ապստամբության ժամանակ: Այս ցանկում կարող ենք նշել Երեւանի մեխանիկական գործարանը, որ նույնպես կրում է Տեր-Ավետիքյանների անունը: ՌՈՒԲԵՆ ԱՆԳԱԼԱԴՅԱՆԻ հոդվածից։