«Նրա հրամանատարը մահացել էր պատերազմի հենց առաջին օրը, բայց նա մի ամբողջ գիշեր մնացել էր հրամանատարի կողքին». ճանաչե՛ք 19-ամյա ՀԵՐՈՍ ՀԵՆՐԻԿԻՆ

Հենրիկ Սողոմոնյանը ծնվել էր 2001 թվականի մայիսի 12-ին, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում, ունի մեկ քույր։ Նրա ծառայությունն անցնում էր Մարտակերտի շրջանի Ներքին Հորաթաղ գյուղում։ Սողոմոնյանը սերժանտ էր, հրետանավոր էր, ծառայում էր Ակացիա ինքնագնաց հաուբից հրետանու հաշվարկում։ Նա վերջին անգամ ծնողներին տեսել էր 2020 հունվարին, երբ որպես գերազանցիկ զինվոր տասնօրյա արձակուրդ էր ստացել եւ այցելել էր հարազատներին:

Պատերազմի մեկնարկին Հենրիկը մեկ տարի երկու ամսվա ծառայող էր։ Նրա հրամանատարը մահացել էր պատերազմի հենց առաջին օրը, իսկ Հենրիկը չէր լքել նրա մարմինը, մի ամբողջ գիշեր մնացել էր հրամանատարի կողքին:

Հայտնի է, որ սեպտեմբերի 28-ի առավոտյան արկերը տեղափոխող մեքենա է պայթեցվել, Հենրիկը դուրս է եկել տեսնելու՝ թե ինչ է պատահել, վերադառնալու ժամանակ եւս մեկ արկ է ընկել, ինչի հետեւանքով նա ստացել է բեկորային մահացու վնասվածքներ:

Զինծառայողի հայրը` Ռաֆիկը ասում է, թեեւ պատերազմից մեկ ու կես տարուց ավել է անցել, հնարավոր չէ հաշտվել եղածի հետ, եւ օրեցօր Հենրիկի բացակայությունն ավելի ցավոտ է երեւում,- «Նա մարտնչել է ամենաթեժ տեղերից մեկում, եղել է հաշվարկի հրամանատար: Նրա հաշվարկներով կրակ է բացվել թշնամու ուղղությամբ 27 կմ հեռավորությամբ: Պատերազմի երկրորդ օրը դուրս են եկել իրենց թաքստոցին, որպեսզի աշխատանք կատարեն, բայց, փաստորեն, նրանց հետեւել են, արկ է ընկել: ԱԹՍ էր, թե ինչ էր, հաստատ չգիտենք: Դեպքի մասին հաջորդ օրն ենք իմացել»:

Որդու զոհվելուց ամիսներ անց նրա հրամանատարներից մեկը կապվել է հոր հետ եւ հայտնել, որ Հենրիկը գերազանց ծառայության համար պետք է շքանշանով պարգեւատրվեր, սակայն պատերազմ էր սկսել եւ այն չէր հաջողվել հանձնել նրան: Այդ շքանշանը զոհված զինվորի ծնողներին հանձնվել է զինվորի մահից հետո:

Նալբանդյան գյուղում կարելի է տեսնել Հենրիկի անունով նստարաններ: Հայրն ասում է, որ դրանք տեղադրում է գյուղի այն հատվածներում, որոնք ինքը մաքրում է աղբից ու բարեկարգում է: Դա իր համար որդու հիշատակն ապրեցնելու ձեւ է:

forrights.am