«Մեկուկեսժամյա նիստից հետո նրան շնորհվեց դոկտորի գիտական աստիճան»․ պատահականություն թե՞ հրաշք ՀԱՅ գիտնականի կյանքում

Ներկայացնում ենք ձեզ հայ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի կյանքի հետաքրքիր դրվագները։ Համալսարանն ավարտելուց հետո Մերգելյանն ընդունվում է ասպիրանտուրա Մոսկվայի Ստեկլովի անվան ինստիտուտում։ Նրա գիտական ղեկավարը Մստիսլավ Կելդիշն էր։ Չնայած զբաղվածությանը Կելդիշը հատուկ ուշադրության էր արժանացնում իր նոր ասպիրանտին։ Նրանք հանդիպում էին Կելդիշի տանը երեկոյան ժամերին և երկարատև զրույցներ էին վարում մաթեմատիկական պրոբլեմների վերաբերյալ։

Մերգելյանը թեկնածուական թեզը գրեց մեկուկես տարվա ընթացքում։ Պաշտպանությունը կայացավ 1949 թվականին։ Մեկուկեսժամյա նիստից հետո գիտական խորհուրդը հայտարարեց Մերգելյանին ֆիզմաթ գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին։

Չնայած Մերգելյանը իր աշխատանքը որպես թեկնածուական թեզ էր ներկայացրել, սակայն երեք պաշտոնական ընդդիմախոսներն էլ՝ ակադեմիկոսներ Միխայիլ Լավրենտյևը, Սերգեյ Նիկոլսկին և թղթակից անդամ Ալեքսանդր Գելֆոնդը գիտխորհրդին առաջարկեցին Մերգելյանին դոկտորական աստիճան շնորհել։ Գիտխորհուրդը դիմումը բավարարեց և Սերգեյ Մերգելյանը 20 տարեկանում դարձավ ԽՍՀՄ ամենաերիտասարդ գիտությունների դոկտորը։