Նրան կարելի էր տեսնել ամենուր․ հայ գրող, ով անցավ բազմաթիվ զրկանքների միջով

«Ես սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Փափազյանը ամենաթափառող կյանք վարող գրողն էր. դա նրա անհատական հակո՞ւմն էր, թե՞ կյանքի ձախորդ պայմաններն էին մղում նրան այդ բանին. պարզել չէ, սակայն ոմանք, երևի նկատի ունենալով նրա այդ թափառումները, պնդում էին, թե նա «բոշայական ծագում» ունի:

Այդ ևս պարզել դժվար է, բայց փաստ է, որ նա ոչ մի տեղ երկար չէր մնում. մի երկու տարի ուսուցչություն էր անում, ասենք, Պարսկաստանում, ապա Ռումինիայում, մի տարի հետո նրա ձայնը գալիս էր կամ Փարիզից, կամ Պոլսից: Մերթ դասավանդում էր Երեւանի գիմնազիայում, մերթ Շուշու թեմականում, և այսպես անվերջ…»:

Այսպես է ասել Ստեփան Զորյանը հայտնի գրող Վրթանես Փափազյանի մասին։ Այնուամենայնիվ, լավ օրից չէին բազմաթիվ վեպերի, վիպակների, պատմվածքների ու զրույցների հեղինակ, իր ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկն համարվող, 14 լեզուների իմացությամբ առանձնացող Վրթանես Փափազյանի թափառումները:

Նրա, ով հաճախակի է հեռացվել աշխատանքից՝ իր հեղափոխական գաղափարների ու գործունեության պատճառով, ով հետապնդվել է ցարական կառավարության կողմից, անցել զրկանքների միջով, բանտարկության դատապարտվել երեք անգամ, ով գաղտնի հսկողության տակ է եղել, իսկ նրա որոշ երկեր հանվել են հրատարակչությունից, ոչնչացվել, բռնագրավվել ձեռագրերն ու գրքերը: Իսկ թուրք կառավարությունը այս ըմբոստ գրողի նկատմամբ անգամ մահվան վճիռ է արձակել: Այս ամենով հանդերձ՝ նա վայր չէր դնելու իր բեղմնավոր գրիչը եւ իր տեղն էր ապահովելու հայ դասականների շարքում: Հակոբ ՍՐԱՊՅԱՆԻ հոդվածից։