ՀԱՅ հռչակավոր արձակագիր, ում միայն ճշմարտությունը գրելու համար կնքում են «ժողովրդի թշնամի» և 8 տարով աքսորում. լսե՞լ եք նրա արգելված «Երևան» գրքի մասին

Մկրտիչ Արմենը ծնվել է 1906 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)՝ արհեստավորի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի Սուրբ Փրկչի անվան վիճակագրական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է տղայոց գիմնազիայում, հետո Ամերկոմի դպրոցներից մեկում։ Ուսանել է նաև Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի սցենարական բաժնում։

1921թ. եղել է բանվորագյուղացիական տեսչության ցրիչ, 1923-1925թթ. պատկոմական հրահանգիչ, ապա խրճիթվական ընթերցարանների հրահանգիչ: 1925թ. տեղափոխվել է Երևան և մի քանի տարի աշխատել «Գրական դիրքերում» և «Երիտասարդ բոլշևիկ» ամսագրերի խմբագրություններում՝ որպես պատասխանատու քարտուղար, ապա «Հայկինոյի» գեղարվեստական խորհրդի քարտուղար:

1937թ.-ին շատ հայ մտավորականների նման Մկրտիչ Արմենը՝ որպես ժողովրդի թշնամի, ձերբակալվում է և աքսորավայրում անցկացնում ութ ծանր ու ձիգ տարի։ 1945թ. արդարացվում է և վերադառնում։ 1971թ.-ին «Հայֆիլմ» կինոստուդիան էկրանավորել է Մ. Արմենի «Հեղնար աղբյուր»-ը։

Բավականին մեծ է գրողի թողած գրական ժառանգությունը։ Նա հեղինակ է մի շարք վեպերի, վիպակների, երկերի, պատմվածքների, պիեսների, բանաստեղծությունների։ Հեղինակին մեծ համբավ է բերել «Հեղնար աղբյուր» վիպակը:

Մկրտիչ Արմենի «Երևան» էպոպեան առաջին և միակ անգամ լույս է տեսել 1931 թվականին, ինչպես գրքում է նշված` Մոսկվայում: Հետագայում այն այդպես էլ չվերահրատարակվեց, թեպետ 1960-ականներին իրականացված Մկրտիչ Արմենի երկերի ժողովածուի հրատարակությունը 5 հատորով թերևս բարեպատեհ առիթ էր դրա համար: 1933 թվականի նոյեմբերի 18-ին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում լույս տեսած «Հայ պետհրատի արտադրանքի իդեոլոգիական անկայունության մասին» որոշումը, որտեղ ի թիվս այլ գրքրեի` արգելանքի տակ էր դրվում նաև Մկրտիչ Արմենի «Երևան» գիրքը, որը քարոզում է տեղական նացիոնալիզմ և կոչ է անում կողմնորոշվել դեպի ֆեոդոլական Արևելքը»: «Երևան» էպոպեան բոլորովին այլ մտածողություն ու գրողական ձեռագիր է երևան բերում, և կմղեր Մկրտիչ Արմենի գրողական կերպարն ու ստեղծագործական դիմագիծը քննել ու գնահատել բոլորովին այլ լույսի ներքո: