«Համոզված եմ, որ ինչ-որ մի օր, ինչ-որ մի մեծ բժիշկ կհայտնագործի սրտի մեջ ուղեղ». Հենրիկ Մալյանի մտքերից, որոնք արժե կարդալ

Հայ նշանավոր կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, թատերական ուսուցիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1977), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982) Հենրիկ Սուրենի Մալյանը ծնվել է 1934 թվականի սեպտեմբերի 30-ին: Ստորև Ձեզ ենք ներկայացնում նրա մտքերից մի քանիսը:

“Ապա «Հայֆիլմ» կինոստուդիա, ասիստենտ, ռեժիսոր, ամուսին, բեմադրիչ, հայր, կուլտուրայի ֆակուլտետ, տիտղոսներ, արտասահմանյան ուղևորություններ, թատրոն-ստուդիա, պապիկ, դիտողների ինչ-որ քանակ, քննադատների ինչ-որ տեսակ, ֆիլմեր, ներկայացումների ինչ-որ որակ…
Մի քանի բարեկամ, մի քանի տասնյակ հակառակորդ…
Եվ ահա կարծես ամեն ինչ…
Ու հիմա, 12 հարկանի խուլուհամրերի աղմկոտ մի շենքի 7-րդ հարկի 76 բնակարանի թափթփված գրասեղանի մի անկյունում նստած, միտք եմ անում, միտք… Իմ արածի ու մանավանդ ՝ չարածի մասին, որ կոչվում է կյանք…”

“Համոզված եմ, որ ինչ-որ մի օր, ինչ-որ մի մեծ բժիշկ կհայտնագործի սրտի մեջ ուղեղ, ավելի դժվար է լինելու ուղեղի մեջ սիրտ որոնող բժիշկի վիճակը:”

“Բայց մի բան է կատակամոլությունը, բոլորովին այլ բան՝ հումորի զգացումը: Շատ հաճախ մեզանից յուրաքանչյուրը հանդիպել է սրախոս և ճարտարախոս մարդկանց, որոնք, այնուամենայնիվ, զուրկ են եղել հումորից…
Հումորի առկայության դեպքում դիտողն ավելի շատ ներքին հրճվանք է ապրում, քան միայն ու միմիայն քահ-քահ ծիծաղում:”