«Ընկերները ասել են՝ Կյա՛ժ, մի բարձրացի, ընկերդ էլ չկա, չի լսել». երկու երեխաների ՀԱՅՐ, ՀԵՐՈՍ ԱՐՄԵՆԸ զոհվել է ԱԹՍ-ի երկրորդ հարվածից ընկերոջը օգնելիս

2020թ․սեպտեմբերի 27-ի առավոտյան տիկին Նաիրային զանգ եկավ՝ պատերազմ է սկսվել։ Մտածել է՝ սովորական կրակոցներ են, չի էլ պատկերացրել, որ անսպասելի պատերազմը խլելու է որդուն՝ 30-ամյա Արմեն Նալբանդյանին(Կյաժ)։

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից էր Արմենը։ Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է Լեռնային Ղարաբաղում՝ Մարտունի 3-ում։ Զորացրվելուց հետո որպես պայմանագրային զինծառայող աշխատել է Էջմիածնի զորամասում։ 2017թ․տեղափոխվել է Քարվաճառ՝ «Սև հովազ» ջոկատ։

Ծառայությունը շարունակելու որդու որոշմանը մայրը չի դիմադրել, ասում է՝ սիրում էր իր աշխատանքը։ Քույրն է հիշում՝ Արմենը շատ հայրենասեր էր, մանկուց պատերազմ-պատերազմ էին խաղում։ Հայրիկի հետ էլ աշխարհագրությունից էին սիրում խոսել՝ հատկապես քարտեզներից։ Համազգեստի նկատմամբ շատ ուշադիր է եղել, պետք է արդուկված լիներ, կոկիկ, իսկ գլխարկը սիրուն լիներ գլխին․

«Համազգեստի տեղը փոխելիս հնարավոր է բարկանար, երեխաներին էլ թույլ չէր տալիս ձեռք տալ, հնարավոր է՝ միայն գլխարկը վերցնեին։ Շատ էր հարգում իր համազգեստը։ Ինչ էլ լիներ, ասում էր՝ հայրենիքը, նույն կերպ էլ երեխաներին էր դաստիարակել։ Ապերը շատ էր ուզում Հայկիս էլ այդպես դաստիարակել»,-պատմում է քույրը։

Հայկը Արմենի 5-ամյա որդին է, դուստր էլ ունի՝ Էլենը։ Մոր խոսքով՝ ինչքան ուզում է հոգնած լիներ, երեխաներին չէր մերժում, միշտ զբոսանքի էր տանում։ Հայրիկի գերեզմանին այցելում են, տոնածառ են զարդարել։

Պատերազմի օրը՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան, Արմենը բարձրացել է դիրքեր՝ հերթական հերթափոխի։ Ծառայակից ընկերների խոսքով՝ այս անգամ բարձրացել է վերև, ամեն անգամ ներքևում է եղել։ ԱԹՍ-ից հարված են ստացել, ընկերը վիրավորվել է, իջեցրել է ներքև։ Մյուս ընկերը մահացած է եղել, որոշել է իջեցնել։ Ընկերները, թե Կյա՛ժ մի բարձրացի ինքն էլ չկա, չի լսել։ Ընկերոջը օգնելիս ԱԹՍ-ի երկրորդ հարվածից զոհվել է։

«Չեմ զգացել․ առավոտ շուտ բացում էի լուրերը նայում էի, այդ օրը չեմ նայել։ Հանգիստ քնել եմ, չեմ մտածել, որ պատերազմ է, պատրաստվում էի աշխատանքի գնալ։ Որ ասում էին՝ Քարվաճառը վտանգավոր է, ասում էի՝ ձմեռն է վտանգավոր, որովհետև բարձր է։ Էտ բարձրությունից կարծես հանգիստ լինեի։ Մտածում էի՝ կռիվ չի լինի այդտեղ»,-պատմում է մայրը։

Վերջին անգամ կնոջն է զանգել։ Մահվան լուրն առաջինը հարազատներն են իմացել, մորը չեն ասել.

«Աշխատողները եկան տուն, ես էլ իմ համար հանգիստ, հետո հասկացա․․․բայց էլի չէի ուզում հասկանալ։ Գնացել եմ իրենց տուն, էլի մտքովս չէր անցնում, ասում էի՝ լավ էլի գոնե վերջին հույսս չկորցնեմ։ Հույս ունեի, որ կարողա սուտ լինի»։

Պատերազմից մոտ երկու տարի անց էլ տիկին Նաիրան որդու մահվան մասին խոսում է այնպես, կարծես այն նոր լինի․

«Չեմ ուզում գիտակցել, մեկ-մեկ հանկարծ խորն եմ մտածում, որ չկա, աշխատում եմ էտ ուղղությամբ էլ չմտածել։ Բացարձակ հնարավոր չէ հաշտվել։ Ավելի խորն է հիմա։ Երևի էտ ժամանակ էտքան չէի գիտակցում, որքան հիմա։ Անսպասելի է, հետո՝ քիչ-քիչ»։

Որդու հետ վերջին հանդիպումը եղել է ծառայության մեկնելուց մեկ օր առաջ։ Հանգիստ է եղել, արտասովոր բան չի զգացել․

«Երեկոյան բակում նստած էի, գնալուց առաջ եկան ինձ տեսնելու։ Հաջորդ օրը պիտի գնար։ Ես իր թուշիկը պաչում էի, երբ գալիս էր, այդ անգամ գնալուց էլ պաչեցի։ Երևի դա էր, չգիտեմ․․․»։

forrights.am