ՄԵԾ ՀԱՅ, ով Արևելքի ժողովրդական երաժշտության հմուտ ԳԻՏԱԿ է. նա արժանացել է Հայաստանի և նույնիսկ Ուզբեկստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման

Կոմպոզիտոր, երաժիշտ-տեսաբան Քրիստափոր Քուշնարյանը (Կուշնարյով) ծնվել է 1890 թվականին Սիմֆերոպոլում:

Երաժշտական կրթությունն սկսել է Թիֆլիսի ուսումնարանում (ջութակ): 1916թ. ավարտել է Պետրոգրադի համալսարանի բնագիտության բաժանմունքը, 1925թ.` Լենինգրադի կոնսերվատորիան՝ Ա.Ժիտոմիրսկու կոմպոզիցիայի դասարանը: 1918-23թթ դասավանդել է Թիֆլիսի երաժշտական ինստիտուտում:

1925թ-ից կոմպոզիցիա և պոլիֆոնիա է դասավանդել Լենինգրադի կոնսերվատորիայում (1939թ-ից` պրոֆեսոր), նշանակալից դեր կատարել սովետական երաժշտության ուսումնական հաստատություններում տեսական առարկաների ծրագրերի նորոգման և դասավանդման նոր մեթոդներ ստեղծելու ուղղությամբ, դաստիարակել Սովետական Միության տարբեր հանրապետությունների մի շարք կոմպոզիտորների ն երաժշտագետների:

1927թ. և 1929թ. ղեկավարել է Լենինգրադի թատրոնի և երաժշտության ինստիտուտի Հայաստանում ժողովրդական երգեր հավաքող գիտարշավները: 1944-49թթ եղել է Հայաստանի ԳԱ արվեստի պատմության և տեսության բաժանմունքի գիտաշխատող ու վարիչ, միաժամանակ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում:

Լենինգրադի կոնսերվատորիա, 1930-ականներ

Եղել է պոլիֆոնիկ երաժշտության ոճերի և Արևելքի ժողովրդական երաժշտության հմուտ գիտակ: Հետազոտել է Վերածննդի դարաշրջանի երաժշտության ոճական գծերը, զարգացրել ձայնակարգի և բազմաձայնության մասին ուսմունքները, մշակել մոնոդիայի տեսությունը, պարզաբանել հայկական երաժշտության ծագման ու զարգացման ընթացքը: Շարունակել է Կոմիտասի տեսական դրույթները:

Նշանակալի ներդրում է ունեցել հայ մոնոդիկ երաժշտության ուսումնասիրման բնագավառում: Գրել է երգեհոնի սոնատ, Պասակալիա և Ֆուգա, թավջութակի մենանվագ սոնատ, խմբերգեր, թատերական երաժշտություն:

Ձախից` Հարո Ստեփանյան, Վարդգես Տալյան, Քրիստափոր Քուշնարյան, Կարո Զաքարյան, Սարգիս Բարխուդարյան, 1936թ.

Պարգևատրվել է 2 շքանշանով: 1939թ. արժանացել է Հայաստանի, 1943թ.` Ուզբեկստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) 1960 թվականին: