«Չեմ կարող ընկերություն անել նրանց հետ, ովքեր փոքր հասակից համոզված են, որ եթե հայ սպանեն՝ դրախտ կգնան»․ մաեստրո Չեքիջյան

Դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի հուշերում վառ են մնացել իր ծննդավայր Ստամբուլում մանկության տարիներին կիրառվող արգելքները։ 93-ամյա մաեստրոն պատմում է, որ հայրը շատ խիստ ու հայրենասեր մարդ էր, հիշում է` ինքը տանը բանտարկված էր մնում՝ իրավունք չունենալով խաղալ թուրք հասակակիցների հետ։

«Չեմ կարող ընկերություն անել նրանց հետ, ովքեր փոքր հասակից համոզված են, որ եթե հայ սպանեն՝ դրախտ կգնան, ես այդ մարդու հետ ո՞նց ընկերություն անեմ։ Չեմ ասում մեկուսացված ապրել, բայց այն մարդու հետ, որ պետք է առիթ փնտրի, որ ինձ սպանի, դրա հետ ո՞նց ընկերություն անեմ», -ասել է մաեստրոն։

Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախմբի գործունեության մասին նախ թվերի լեզվով․ 873 համերգ հայրենիքից դուրս՝ 61 տարվա գործնեության ընթացքում։ Այս ամենը հենց Չեքիջյանի շնորհիվ է։ Մաեստրոն խոստովանում է, որ բնավորությամբ բեմում իշխող է, կյանքում` ավելի շատ հնազանդվող։