«Գիքոր», «Կտոր մը երկինք», «Մի կաթիլ մեղրը», «Մենք ենք, մեր սարերը». մեր ԼԱՎԱԳՒՅՆ ֆիլմերի ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅՐԸ. նրա ո՞ր ֆիլմն եք ամենից շատ սիրում

Հենրիկ Սուրենի Մալյանը հայ նշանավոր կինոռեժիսոր է, թատերական ռեժիսոր, սցենարիստ, թատերական ուսուցիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1977), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982)։

Հենրիկ Մալյանը ծնվել է 1925 թվականին Թելավում։ 1942-1945 թվականներին աշխատել է Թբիլիսիի ավիագործարանում որպես գծագրիչ, փականագործ։ 1945-1951 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում՝ Լևոն Քալանթարի արվեստանոցում: 1953 թվականին ավարտել է Ա. Լունաչարսկու անվան պետական ​​թատերական արվեստի ինստիտուտի (ГИТИС) ռեժիսուրական ընդլայնված դասընթացները։

1954 թվականից՝ ռեժիսորի օգնական, այնուհետև ռեժիսոր Հայֆիլմ-ում։ 1961-1962 թվականներին «Մոսֆիլմ» կինոստուդիայում ստաժավորում է անցել ռեժիսորներ Կալատոզովի և Բոնդարչուկի մոտ: 1980 թվականին Հայֆիլմին առընթեր հիմնադրեց «Մալյան թատրոն-ստուդիա»։ Առաջին բեմադրությունը Վ․ Սարոյանի պատմվածքի հիման վրա «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները» ներկայացումն էր։

1982 թվականից դասավանդում էր Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր: 1971-1988 թվականներին դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, 1975-1988 թվականներին եղել է ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի վարիչ:

1980 թվականին Երևանում հիմնել է կինոդերասանի թատրոնը, որը 1988 թվականից անվանակոչվել է նրա անունով։ Եղել է դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանի (1904-1976) եղբոր որդին, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանի հայրը:

Մահացել է 1988 թվականի մարտի 14-ին Երևանում։