Բժշկականի դասախոսություններից մեկի ժամանակ ուսանող Խոստիկյանը վատ է զգում ֆորմալինի լուծույթի սպեցիֆիկ հոտից. միայն իմանաք՝ դա տեսնելով ինչ է ասել դասախոսը

Դժվար է ասել, թե հայրենի թատրոնի բեմը, նաև կինոն ինչպես կլրացներ խոստիկյանական ուրույն հմայքը, եթե ինքը՝ Արմեն Խոստիկյանը հեռավոր 1947-ին շարունակեր ուսանել բժշկական ինստիտուտում: Նա, անկասկած, ամենասրտամոտ ու ամենակարեկից բժիշկը կլիներ իր հիվանդների ու այցելուների համար: Ու էլի՝ շատ սիրված:

Բայց, ինչպես ժամանակակիցներն են հիշում, մի օր բժշկականի դասախոսություններից մեկի ժամանակ ուսանող Խոստիկյանը վատ է զգում ֆորմալինի լուծույթի սպեցիֆիկ հոտից: Եվ, եթե դասախոսը բարձրաձայն մտածում է, թե նրանից բժիշկ դուրս չի գա, համակուրսեցիներից մեկը ավելի բարձրաձայն նկատում է, որ Արմենը արտիստ է:

Պատմությանն անհայտ է մնացել, թե այդ համակուրսեցին հետագայում ինչ հաջողությունների է հասել բժշկության ասպարեզում, բայց ակներև է, որ Արմեն Խոստիկյանի վերաբերյալ «ախտորոշումը» առավել քան դիպուկ է եղել ու նաև՝ ցմահ:

Եվ Արմեն Խոստիկյանը 1947-ին արդեն Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի ուսանող էր՝ Արմեն Գուլակյանի կուրսում:

Այն ժամանակ, երբ Արմեն Խոստիկյանը բեմ ելավ, հայրենի թատրոնում ու կինոյում  չկային «աստղեր», այլ կային Մեծեր. իսկապես՝ Մեծեր:

Իսկ Արմեն Խոստիկյանը յուրահատուկ հմայքով, ինչպես ասում են՝ «աստղով» դերասան էր:

Մհեր Մկրտչյան և Արմեն Խոստիկյան