«2 մեծանուն ՀԱՅ՝ մեկ տեղում». Պետրոս Հոկտանյանի «Ուրիշի դեմքով աղջիկը» սիրված դերասան Սամվել Թոփալյանի կատարմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պետրոս Հոկտանյան՝ "Ուրիշի դեմքով աղջիկը" 
Կարդում է սիրված դերասան Սամվել Թոփալյանը
Մի երեկո կմտնեմ ինձ ծանոթ սրճարանն ու կպատվիրեմ թեյ կամ գարեջուր: Այդ օրը ցուրտ կլինի, իսկ տխրությունս՝ հարուստ: Դարձյալ այնտեղ կտեսնեմ «ուրիշի դեմքով» այն աղջկան, ով կյանքն իր ներսում՝ սիրում է անցնել մահվան պողոտաներով, ով չի ժպտում երկրագնդի ցանկապատված պարտեզում հազարերանգ գունավառված ծաղիկներ տեսնելիս:

Ում երբեք ոչ -ոք չի ասել, որ բացարձակ մթության մեջ նա շատ ավելի գեղեցիկ է, և այդ գեղեցկությունը ստիպում է տղամարդկանց կորցնել Աստծո հանդեպ վախն ու վայելել այն անգամ կինոթատրոնի մուտքի առջև կամ  ինչ- որ կիսաքանդ գործարանում:

Բնությունը նրան զրկել է լսելու հնարավորությունից, բայց փոխարենն օժտել զգալու և տեսնելու կարողությամբ: Այո՛, նա զգում է անգամ այն, ինչը տեսանելի չէ մարդկային աչքին և կարողանում է զսպանակել սեփական ցանությունները՝ նախապես զոհասեղանին փռելով բոլոր խեղաթյուրված զգացումներն ու զգացմունքները:

Գիտե ինքնուրույն վերքերին կարեր դնելև մշակել, կարողանում է անգամ կռահել ավտոբուսում նստած տարեց կնոջ հիվանդության բուն պատճառը և փողոցն անցնող տղամարդու թեք քայլքի նպատակը: Ու որքան էլ տիեզերքը պարտավորված է ընկերներ տալ բոլորին, նրան բաժին է հանել զգայունության հոգու մենությունը:  

Այդ օրն առաջին անգամ կվախենամ ու կնվաղեմ նրան չտեսնելու մտքից: Կնմանվեմ այն հավատացյալին, որը հանուն իր հավատի պատրաստ է անգամ խարույկը նետվել: Եվս մեկ անգամ կգիտակցեմ, որ երբեք հնարավորություն չեմ ունենա նրա հետ Էլվինա կամ Ազնավուր լսել, բայց գոնե  բախտ կունենամ տեսնելու ժպիտը նրա, երբ կնվիրեմ իր սիրելի Սարոյանի «Մարդկային կատակերգությունը»:
Իսկ հետո ...
Սրճարանի խունացած պատին կավիճով կգրեմ թաքնված զգացմունքներիս մասին ու ներկաններին տեսանելի կդարձնեմ այն ամենը, ինչը տարիներ շարունակ որդի նման կրծել է ներսս ու որքան էլ ասում են, որ երջանիկ լինելու դեպքում հարկավոր չէ այդ մասին բարձրաձայնել, ես կընդդիմանամ այդ մտքին ու ամբողջ ուժով  կգոռամ որ երջանիկ եմ:

Թո´ղ բոլորն իմանան, որ սիրտս դեռ չի մեռել, որ դեռ կարող եմ սիրել «ուրիշի դեմքով» այն աղջկան, ով երբեք չի լսել , թե ինչպես եմ հիվանդ երեխայի ժպիտը դեմքիս, պատմում այն պատմությունը, որտեղ համբույրի տեսարանները նախապես բեմադրված չեն, ուր նախաստեղծ կարոտը ճյուղավորվում է երկկենցաղ լռության հետ` իր ետևից թողնելով բազմակետեր: Ու ամենակարևորն այն  է, որ վերջում չեն հնչում ծափահարություններ, չկան արցունքներ, քանի որ դեռ չծնված՝ սառը շնչից քարանում են ու կորչում անհետք...

Որից հետո ուղղակի ցանկություն է առաջանում  մտնել մոտակա սրճարաններից մեկն ու պատվիրել թեյ կամ գարեջուր: