Անգամ վերջին վայրկյանին Անդրանիկը մտածում էր իր ժողովրդի մասին․ նա մահացավ «Գործս կիսատ մնաց…» վերջին խոսքերը շուրթերին

«Ամեն օր ձեր գլուխը բարձին դնելուց ու քնելուց առաջ հիշեք, թե այդ օրը ի՛նչ եք արել ձեր ազգին համար»,–Զորավար Անդրանիկ: Անդրանիկի հզոր խոսքերը յուրաքանչյուր հայի գլխում են։

Նա առանձնահատուկ զորավար է, ում պաշտում է ոչ միայն հայ ժողովուրդը, այլեւ նրանք, ում բախտ է վիճակվել հանդիպել նրա հետ։ Անդրանիկին սիրել ու գնահատել են նրանք, ովքեր կռվել ու պայքարել են հանուն իրենց երկրի ու ժողովրդի։ Անդրանիկը «խենթի պես քաջ» էր, ինչպես նրա մասին ասել է ռուս զորավար Յուդենիչը։

Նրա հայրենասիրությունը արվեստ էր, իսկ նա էլ` Թումանյանի պես համաժողովրդական սիրո առարկա։ Անդրանիկի հետ կապված ամեն բան սրբություն է. նրա հետ կապված իրերը երկյուղածությամբ են փոխանցվել միմյանց ու, ի վերջո, հանգրվանել «Զորավար Անդրանիկ» ֆիդայական շարժման թանգարանում։

Նրա արձանները կանգնեցված են աշխարհի տարբեր քաղաքներում ու անկյուններում։ Մինչ օրս էլ թուրքերը վախենում են անգամ նրա անունից կամ որեւէ բանից, որ կարող է հիշեցնել նրան։

Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865 թ.-ին` Արեւմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Ի սկզբանե նրա բախտը չի բերել, մայրը մահացել է, երբ մեկ տարեկան էր փոքրիկը. մորից զրկվելով` վայելել է քրոջական սիրո խնամքն ու գուրգուրանքը… Անդրանիկը 17 տարեկան էր, երբ բանտարկվեց թուրք ժանդարմին ծեծելու համար, ով ահաբեկում էր հայ բնակչությանը։ Սա, կարելի է ասել, հանուն արդարության ու ազգի փրկության զինվորագրվելու մկրտությունն էր, որից ետ չկանգնեց ողջ կյանքի ընթացքում:

Մեծ զորավարը վախճանվեց 1927 թ. օգոստոսի 31-ին ԱՄՆ-ում` սրտի կաթվածից` «Գործս կիսատ մնաց…» վերջին խոսքերը շուրթերին։ 1928 թ. հունվարին Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատնից Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանոց տեղափոխված նրա անհանգիստ սիրտը 2000-ին, ի վերջո, հանգիստ գտավ հայրենիքում` Եռաբլուրում։ Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հոդվածից։