Այսօր Երևանի պատվավոր ՔԱՂԱՔԱՑԻ, բազմակի մեդալակիր ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ծննդյան օրն է. Հիշո՞ւմ եք ՆՐԱ «Ծիծաղի տուն» երգիծական հաղորդումը.

Բանաստեղծ, երգիծաբան, հաղորդավար ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ ծնվել է ՀՀ Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն գյուղում: 1955-60թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում: 1959թ. «Ուսանողներ» պոեմի համար արժանացել է ՀԼԿԵՄ Կենտրոնի և Հայաստանի գրողների միության մրցանակին: 1990-95թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր: 1958-2002թթ տպագրության է հանձնել ավելի քան 40 գիրք: Նրա հեղինակած բանաստեղծությունների հիման վրա գրվել է ավելի քան 100 երգ, այդ թվում` կինոնկարների ու թատերական ներկայացումների համար:

Նրա հրատարակված գրքերից են՝ «Աստղիկներ» (1958թ.), «Սիրո հասակ» (1959թ.), «Մենք միասին ենք» (1964թ.), «Ապրել և սիրել» (1968թ.), «Երջանիկ եղեք» (1972թ.), «Ես սիրում եմ ձեզ» (1975թ.), «Զվարճալի հարցազրույցներ» (1985թ.) և այլն: 1970թ. «Ապրել և սիրել» գրքի, «Անմահությունից մեկ ժամ առաջ» և «Անհայտ զինվորի նամակը» պոեմների համար արժանացել է համամիութենական մրցույթի երկրորդ մրցանակի և դիպլոմի:

1978թ. հունգար բանաստեղծ Էնդրե Ադիին թարգմանելու և նրա ծննդյան 100-ամյակին մասնակցելու համար պարգևատրվել է Հունգարիայի մշակույթի նախարարության «Էնդրե Ադիի հիշատակի» մեդալով: 1984թ. «Հայֆիլմ» կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Աստղերը չեն մարում» փաստավավերագրական կինոնկարը: Ավելի քան 10 տարի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Ծիծաղի տուն» երգիծական հաղորդումը: 1986թ. արժանացել է ՀԳՄ Ա.Իսահակյանի անվան մրցանակի և ՀՀ Պատվո շքանշանի, 1998թ.՝ «Սբ. Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալի (Բեյրութ), 2001թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2006թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, 2011թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի: Մահացել է Երևանում: