Հեղինակություն վայելող ՄԱՐԴԸ․ առանց նրա երաժշտության աշխարհը ուրիշ կլիներ

Մեծ է Էդվարդ Միրզոյանի վաստակը հայ երաժշտարվեստում: Մեծ ճանաչում ունեն նրա Թավջութակի և դաշնամուրի սոնատը, Սիմֆոնիան՝ լարային նվագախմբի համար: Առանձնապես կարևոր է նաև Միրզոյանի կողմից գրված կինոերաժշտությունը՝ շուրջ մեկ տասնյակի հասնող հայկական ֆիլմերի համար։

Թվենք մի քանիսը՝ «Փլուզում», «Քաոս», «Հեղկոմի նախագահը», «Աքսորական 011», «Խաչմերուկի դեղատունը», «Այսօր արեւոտ օր է», գեղարվեստական ու վավերագրական այլ ժապավեններ: Անվանի արվեստագետը տասնամյակներ շարունակ ղեկավարել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը, ղեկավարել Հայաստանի խաղաղության հիմնադրամը, զբաղվել հասարակական ազգաշահ գործունեությամբ եւ ըստ պատշաճի գնահատվել իր ծանրակշիռ վաստակի համար:

«Ես չգիտեմ, թե ինչ է դժոխքը, բայց գիտեմ, թե ինչ է դրախտը: Ես մտածում եմ այն մարդու մասին, որ ծնվում է այս երկրագնդում: Պայքարում է՝ ծնվում է, որովհետեւ հաղթում է: Եթե ծնվել ենք այս հողագնդի վրա, ուրեմն տիեզերքում հաղթել ենք եւ արդեն իսկ դրախտում ենք…»,-ասել է Միրզոյանը: Հակոբ Սրապյանի հոդվածից։