«Իբրև նկարիչ՝ կպատկանիմ ֆրանսիական արվեստին, սակայն իմ բոլոր գործերուս մեջ անշուշտ հայ կմնամ։ Չէ՞ որ մենք ամենքս մեր ժողովրդի բեկորներն ենք». Գիտե՞ք, թե ով էր այս ՀԱՅԸ

Ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ Ժան Գառզուն հետևել է արվեստի նորագույն միտումներին, ստեղծել ինքնատիպ ոճի բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ։ Այս շրջանի գործերին բնորոշ են կարմիր, կանաչ, կապույտ հյութեղ մակերեսներն ու մութ ֆոները։ Չնայած Գառզուի արվեստում դոմինանտությունը պատկանում է ուրվագծին՝ գույնը նրա համար կարևոր արտահայտչամիջոց է։

1950-ական թվականներից սկսած, Գառզուն մեծ համբավի է արժանացել, երբ ի հայտ են եկել նկարչի մարդասիրական աշխարհայացքը, հակապատերզամական տրամադրությունները խորհրդանշող պատկերները՝ լքված ու ավերված պալատներ, նավահանգիստներ, ամայության և տագնապի զգացողությունը։ Գառզուն հայտնի է նաև որպես բեմանկարիչ։ Ներկայացումներ է ձևավորել Փարիզի ազգային թատրոնում, Կոմեդի Ֆրանսեզում, Գրանդ օպերայում, Միլանի Լա Սկալայում, որոնցից ուշագրավ են Ժան Ֆիլիպ Ռամոյի «Բարեկիրթ հնդիկներ», Շառլ Ադանի «Ժիզել», Ժան Ռասինի «Գոթողիա», Ժակ Օֆենբախի «Պերիկոլա» և այլ բեմադրություններ։

Չնայած Գառզուն երբեք չի գործում որպես ճարտարապետ՝ այնուհանդերձ, ճարտարապետությունն իր անխախտ դրոշմն է թողնում իր ստեղծագործություններում. ճարտարապետությունը և ակադեմիական կրթությունը, անշուշտ, վճռական դեր են խաղում, որ Գառզուն հետագայում իր նկարաշարերում ներկայացնի գոթական, Վերածննդի, դասական, բարոկկո, ճարտարապետության բազմապիսի մոտիվներ։