«Արդեն 4 տարի է՝ ընկերություն էր անում Աննայի հետ, նոյեմբերին կայանալու էր նրանց նշանադրությունը». ՀԵՐՈՍ ՍԻՐՈՆ 4 ժամ պայքարելուց հետո զոհվեց մարտի դաշտում

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Սիրո Ահարոնի Գասպարյանը ծնվել է 1994 թվականին Գյումրիում։

Սովորել է Գյումրիի թիվ 20 դպրոցում։ Ժամկետային ծառայությունից հետո ընդունվել էր Գյումրիի ավիացիոն զորամասում աշխատանքի, որպես պայմանագրային զինծառայող։ Ապրում էր մայրիկի հետ։ Հայրը մահացել էր 2015թ., քույրը ամուսնացած էր։

2019 թ. — ին մեկնել էր արտերկիր, աշխատանքի։ 2020-ի օգոստոսին դարձյալ ընդունվեց պայմանագրային զինծառայության Լոռվա ԴՈՒՑ զորամասում, պաշպանում էին Տավուշի, Շամշադինի դիրքերը։ Սեպտեմբերի 18-ին էր դիրքերից վերադարձել։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան տագնապով շտապեց զորամաս, զորամասից Արցախ։ Մայրը մինչև վերջ չիմացավ, որ իր տղան պատերազմի մեջ է, քանի որ հենց որդին չէր ուզում, որ մայրը ՝ Տիկին Հասմիկը իմանա ու տանջվի….

Սկզբում մարտական գործողություններին մասնակցել է Աղդամում, հետո Մատաղիսում, Ջաբրայիլում, այնուհետև նորից Մատաղիսում։ Հոկտեմբերի 6-10-ը եղել են շրջափակման մեջ, այնուհետև դուրս գալով մինչև հոկտեմբերի 13-ը կատաղի մարտերում ցուցաբերել է խիզախություն, բոլորին ոգեշնչելով «Տղերք չմտածե՛ք, բոլորս տուն ենք գնալու» խոսքերով….

Մարտական ընկերները դիրքերում Սիրոյին Սիրուն են անվանել։ Հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թեժ մարտեր են եղել, ամբողջ գիշեր շարունակվել են առավոտյան նույնպես 4 ժամ կատաղի մարտեր են եղել, և հենց այդ ժամանակ էլ ՜ Սիրունը զոհվեց հանուն հայրենիքի… 

Հոկտեմբերի 28-ին ՀՀ նախագահի կողմից հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

Հուղարկավորված է Շիրակ զինվորական պանթեոնում։ Շատ նպատակներ ուներ։ Ուզում էր տուն գնել, դուրս գալ վարձով բնակարանից, և ամուսնանալ Աննայի հետ։ Սիրոն ու Աննան արդեն 4 տարի է ինչ ընկերություն էին անում….Նոյեմբերին կայանալու էր Աննայի ու Սիրոյի նշանադրությունը, բայց ավաղ…