«Հայկական հնգյակը» կամ 5 ընկերներ, որ հավերժ մնացին պատմության մեջ

Մեծանուն հայ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մասին կարելի է անվերջ խոսել։ Նրա կյանքը լի էր բազմաթիվ գույներով։ Միրզոյանի ուսման երկրորդ շրջանը Մոսկվայում էր՝ հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում, որտեղ սովորում էին հինգ ընկերներով՝ Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան, Ղազարոս Սարյան, Ադամ Խուդոյան եւ ինքը:

Կոմպոզիտորների այս խումբն Արամ Խաչատրյանին հաջորդող սերունդն էր՝ «Հայկական հնգյակ» հնչեղ անունով, ովքեր հայ երաժշտական արվեստում պիտի նոր չափանիշներ սահմանին: 1946-1948 թթ. մոսկովյան ուսումնառության տարիները չափազանց արդյունավետ էին կոմպոզիտորի համար՝ նոր գործեր, կերպարների ու գաղափարների ընդլայնում:

Ավարտելով մոսկովյան ուսումնառությունը՝ արդեն իսկ ճանաչում ձեռք բերած կոմպոզիտորը վերադառնում է հայրենիք եւ պրոֆեսոր Սարաջեւի հանձնարարությամբ հրավիրվում մայրաքաղաքի կոնսերվատորիա՝ ղեկավարելու կոմպոզիցիայի դասարաններից մեկը՝ որպես երաժշտության տեսության, պատմության եւ կոմպոզիցիայի ամբիոնի դոցենտ:

1965-ից պրոֆեսորի կոչման արժանացած դասախոսի սաներն էին լինելու հետագայում այնպիսի հանրահայտ, վաստակած դեմքեր, ինչպես Ջիվան Տեր-Թադեւոսյանը, Կոնստանդին Օրբելյանը, Ավետ Տերտերյանը, Վաչե Շարաֆյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը և ուրիշներ: Հակոբ Սրապյանի հոդվածից։