«Մարդիկ կան, որոնց Աստված ստեղծում է կաղապարից դուրս, որպես ընտրյալ»․ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՄԱԵՍՏՐՈՆ

Վրաստանի Գորի քաղաքում է ծնվել ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանը։ Նա ուսանել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, որտեղ էլ ձեւավորվելու է Էդվարդի ստեղծագործող անհատականությունը:

Այդ տարիներին էլ հեղինակել է ինքնուրույն գործեր՝ դաշնամուրի, կլառնետի, ֆլեյտայի պիեսներ: Դրանցից կարելի է առանձնացնել Վազգեն Տալյանի հորդորով գրված ջութակի սոնատը եւ «Հայրենիքն է կանչում» խմբերգը՝ ըստ Ազատ Վշտունու:

Երկրորդ աշխարհամարտի տարիներն էին, եւ այս ստեղծագործությունը հայկական ռադիոյով հնչելու էր յուրաքանչյուր լրատվությունից հետո անընդմեջ: Այդ տարիների կամերային գործերից առանձնապես մեծ ժողովրդականություն էին վայելելու Ավ. Իսահակյանի եւ Ե. Չարենցի խոսքերով գրված երկու՝ «Ասում են թե…» եւ «Երազ» ռոմանսները: Այսօր էլ են դրանք նույնքան սիրված ու ախորժալուր:

«Մարդիկ կան, որոնց Աստված ստեղծում է սեփական ձեռքերով, խնամքով ու սիրով: Ստեղծում է կաղապարից դուրս, որպես ընտրյալ: Սովորաբար օժտում է հատուկ տաղանդով, հազար ու մի առաքինություններով ու շռայլ, շռայլ հոգով… Էդվարդ Միրզոյանն այդ ծնունդներից է»,-այսպես է ասել Միրզոյանի մասին լեգենդար Սոս Սարգսյանը։ Հակոբ Սրապյանի հոդվածից։