Ինչպե՞ս Ավետիս Ահարոնյանի հարսը դարձավ Չարենցի սերը․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ, որոնք քչերին են հայտնի


Այս պատմությունը սկսվեց 1919 թ. հոկտեմբերի 18-ին: Հայաստանի Առաջին հանրապետության պառլամենտի դահլիճում Հայաստանի նորաստեղծ գրական ընկերության երեկոն էր: Այդ օրը գրականագետ, օգոստոսին լուսավորության նախարար նշանակված Նիկոլ Աղբալյանը դասախոսում էր «Մի նոր բանաստեղծ. Չարենց» թեմայով: Ներկաներից շատերն առաջին անգամ էին լսում այդ տարօրինակ անունը, իսկ Աղբալյանը ոգևորված շարունակում էր իր խոսքը` հավաքվածներին համոզելով, որ հայտնվել է մի նոր, շնորհալի պոետ, որն արժանի է ամենայն գովասանքի և ուշադրության: Ելույթին հաջորդեց մտքերի փոխանակությունը, հնչեցին թեր և դեմ կարծիքներ: Իսկ այդ պահին դահլիճի հեռավոր անկյունում կանգնած բանախոսին էր լսում գեղեցկադեմ մի տիկին` Արմենուհի Տիգրանյանը…
Արմենուհին դաշնակցական երևելիներից մեկի` դատախազ Վարդգես Ահարոնյանի կինն էր, նշանավոր երգահան Արմեն Տիգրանյանի քույրը, Առաջին հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյանի հարսը: Սակայն այս պատվական մարդկանց ընտանիքը ներկայացնելուց զատ նա նաև ճանաչված բանաստեղծուհի էր, նույնիսկ Երևանում գրական սալոն ուներ, որտեղ պարբերաբար հավաքվում էին քաղաքի մտավորականները, գեղարվեստի սիրահարները: Ծնվել էր 1888 թվին Ալեքսանդրապոլում, ավանդապահ ու բարեկիրթ մարդկանց ընտանիքում, սովորել էր տեղի գիմնազիայում, ապա ուսումը շարունակել Թիֆլիսի կանանց բարձրագույն կրթարանում: Առաջին աշխարհամարտի տարիներին Հայ օրիորդաց միության նախագահն էր: Դեռևս 1914 թվին Մենուհի գրական կեղծանունով նա Թիֆլիսում հրատարակել էր իր բանաստեղծությունների ժողովածուն և «Բեշտաուն» լեգենդը, արժանացել Հովհաննես Թումանյանի ուշադրությանն ու խրախուսանքին: Հայտնի էր, որ Թումանյանը հատկապես նրան էր վերապահել հայ տիկնանց անունից Սայաթ-Նովայի մահարձանի բացման ժամանակ Սուրբ Սարգիս եկեղեցու գավթում ճառ արտասանելու պատիվը, մի արարք, որն այսօրվա բնորոշումերով պիտի համարվեր «ֆեմինիստական» համարձակ քայլ` ի հեճուկս իր ժամանակի սովորույթների ու նախապաշարումների:
Իսկ որտե՞ղ էր այդ ժամանակ օրվա հերոսը` Եղիշե Չարենցը: Նույնիսկ կրթության նախարարը կռահել չէր կարող, որ իր գովերգած բանաստեղծը նաև իր աշխատակիցն է ու այդ օրերին ուսուցչություն էր անում Կարսի խուլ, մոռացված գյուղերից մեկում` Բաշքյադիկլարում` կիսաքաղց, թշվառ, իր վիճակի հետ հաշտված և առանց բանաստեղծության…
Օգնության հասավ պատեհությունը: Այդ օրը շատերի պես դահլիճում էր նաև Չարենցի հայրենակիցն ու մտերմուհին` Կարինե Քոթանջյանը: Նա Աղբալյանին ասաց, որ գիտի Չարենցին, և նախարարն անմիջապես նրան ու Արմենուհի Տիգրանյանին հանձնարարեց որոնել, գտնել մոլորյալին ու կանչել Երևան: Ինչու՞ նաև Արմենուհուն: Գուցե սա՞ էլ ճակատագրի մի անբացատրելի խաղ էր, որին շրջանցելն անհնար էր…
1919-ի դեկտեմբերին Չարենցը հասավ Երևան: Հետագայում Կ. Քոթանջյանն իր հուշերում պիտի պատմեր, որ ինքն է նրան ուղեկցել Արմենուհու մոտ և ծանոթացրել երկուսին: Տիգրանյանը հյուրին ընդունեց ամենայն ջերմությամբ, և բանաստեղծն այնտեղից դուրս եկավ առույգացած, տեսքի եկած, նոր զգեստներով: Սակայն այս անգամ միայն արտաքուստ չէ, որ նա վերափոխված էր: Այդ կարճատև, հպանցիկ հանդիպումը լիովին բավական էր, որ 22-ամյա երիտասարդի սրտում բորբոքվեր մի նոր, դեռևս անբացատրելի խռովք իրենից 9 տարով մեծ կնոջ հանդեպ: Գրավիչ, շքեղաշուք, բարձրաշխարիկ տիկինը գերել էր Չարենցին: Հանդիպումներն ու այցերը դարձան ավելի հաճախակի:
Ամենայն հավանականությամբ Արմենուհին ևս պիտի շատ արագ նկատեր այդ զգացմունքների անթաքույց շերտերը և այսուհետ ստիպված էր մի կողմից իրեն պահել առավելագույնս զուսպ, նույնիսկ սառը, մյուս կողմից լինել այնպիսին, որպեսզի չվիրավորեր հիվանդագին ինքնասիրությամբ ու հախուռն բնավորությամբ երիտասարդին: Բայց եթե միայն այդքանը պահանջվեր նրանից… Կանացի հասունությամբ, կենսափորձով ու նրբանկատությամբ օժտված տիկինը որքան էլ ջանում էր հոգատար քրոջ ու հովանավորի դերը ստանձնել, սակայն արդեն զգում էր, որ ինքն էլ անզոր էր լիովին խեղդել հոգում արթնացող թրթիռները: Թերևս այս երկակի վերաբերմունք էր պատճառը, որ Չարենցը տարուբերվում էր հուսախաբության ու սպասումի անհաստատ թևերի վրա` միակ սփոփանքը գտնելով գրասեղանի առաջ` իր ապրումների ու խոհերի հետ ներանձնացած: Եվ հենց այդ հույզերից էլ ծնվեցին նրա փոքր-ինչ հեգնախառն, նույնիսկ որոշ իմաստով պլեյբեյական սիրախաղի նրբերանգներով համեմված մադրիգալները: Դրանք իր և Արմենուհու լուռ, թաքուն վեճերի ու գրգիռների ծածկագրերն էին, արձագանքն այն հարցերի, որոնք սպասում էին պատասխանի: «Գալանտ երգեր» և «Էմալե պրոֆիլը ձեր» բանաստեղծական շարքերն ամբողջությամբ նվիրվեցին Արմենուհի Տիգրանյանին: Նրանց զգացմունքների դրոշմն էին կրում նաև այդ շրջանում գրված «Տաղարանի», «Բրոնզե գրքի» մի շարք բանաստեղծություններ, հանրահայտ յոթ բալլադները:
Հետագա իրադարձությունները գլորվեցին խելակորույս արագությամբ: Այն, որ սառնության ու մերժումի պատնեշն ի վերջո փլուզվեց, դրա մասին է վկայում թղթին հանձնված տողերի տրամադրության փոփոխությունը և հատկապես 1920 թ մայիսին գրված մի բանաստեղծությունը, որտեղ Չարենցն ինքն իր մասին պիտի ասեր.
… Աղքատ ու խեղճ այցի եկար,
Դարձիդ արքա էիր հզոր…
Ով գիտե, ի՞նչն էր այդպես ոգևորել նրան. Արմենուհին իսկապե՞ս խոստովանել էր իր պատասխան սերը, թե՞ մի ջերմ ժպիտ, մի քնքուշ հայացք կամ բառ ցնորական հույսերով էին ողողել բանաստեղծի հոգին: Սակայն, թևավորված այդ խաբուսիկ հաջողությամբ, Չարենցն անզգուշություն ունեցավ իր նվիրական գաղտնիքն այլևս չթաքցնել վտանգավոր հայացքներից, գրական սալոններում բացահայտ ընթերցում էր Արմենուհուն նվիրված մի քանի գործեր, նրա ներկայությամբ իրեն պահում էր ավելի ազատ ու համարձակ: Իսկ այդ ամենը չէր կարող անպատիժ մնալ: Հետզհետե Չարենցի շուրջը սկսեց ձևավորվել թշնամական միջավայր: Ոմանք անվանարկում էին նրան, զանազան բամբասանքներ տարածում «հարբեցող» ու «ցնդած» պոետի մասին: Այդպիսիներին մեծապես ներշնչում ու խրախուսում էր Վարդգես Ահարոնյանը: Խանդոտ ամուսինը, որ չէր կարող չնկատել կնոջ տարօրինակ պահվածքը, չլսել զազրախոսների թունալի ակնրակները, այժմ խոցված ինքնասիրության ու ոտնահարված պատվի վրեժի ծարավ էր: Սակայն փաստեր չկային, և նա առայժմ բավարարվում էր վիրավորանքի հասնող արհամարհանքով և նաև այն մանր խայթոցներով, որոնք անպատվաբեր էին բարձր դիրքի իշխանավորի համար: Առիթը բաց չթողնելով` Վ. Ահարոնյանը հանդես էր գալիս Չարենցի գործերի գրավոր ու բանավոր քննադատությամբ, իսկ Մայիսյան խռովությունից հետո, երբ խռովարարների դատավարությունը նրան էր հանձնարարված, պահը չկորցրեց մրցակցի դեմ հալածանքներ հրահրելու համար` մեղադրելով Չարենցին բոլշևիկների հետ ունեցած կապերի մեջ:
Այդ օրերի մասին Չարենցի ընկերներից Վավանը գրում է իր հիշողություններում. «Այդ թշնամիների մեջ ամենից գազազածը Ահարոնյանի որդին էր, «գրականագետի» բաճկոն հագած Վարդգեսը, որն այդ ժամանակ ավելի հայտնի էր որպես ամուսին բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանի…»: Չարենցին այլ բան չէր մնում, քանի միառժամանակ հեռու մնալ բացահայտ վտանգից ու մեկնել քաղաքից: Սակայն ոչ բաժանող տարածությունը, ոչ հոսող ժամանակն ի զորու չէին մեղմելու նրա սիրո և կրքերի հեղեղը: Գրիչն այժմ թաթախվում էր կարոտի մեջ, թղթի վրա ակոսներ էր բացում նրա տառապանքը.
Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սերը հուր է,
Թող ցրե իմ հուրը տխրությունը Ձեր…
Սիրային եռանկյունին այլևս գոյատևելու շանսեր չուներ: Հանգուցալուծում էր պահանջում: Նույն ցանկությամբ էր համակվել նաև Չարենցը: Եվ վերադառնալուն պես որոշում է մեկընդմիշտ իր համար
լուծել այդ խնդիրը: Որոշ թափանցիկ ակնրկներից կարելի է կռահել, որ այնուամենայնիվ աշնանամուտի օրերին կայացել է նման մի դժվարին խոսակցություն ու Չարենցը Արմենուհուց վերջնական ընտրություն կատարելու քայլ է ակնկալել: Կինը թերևս մերժել է նրան, քանի որ հետագա ամիսների բանաստեղծի առանձին նամակներում, բանաստեղծական տողերում ու զրույցներում կարելի է նշմարել նրա հոգեկան անկայուն վիճակը, ինչը երբեմն ծայրահեղ դրսևորումներ է ունենում, և նա սկսում է անհիմն մեղադրանքներ վերագրել Արմենուհուն, մտերիմների մոտ հայհոյել նրան, իսկ հետո դառնորեն զղջալ այդ բառերի համար:
Մինչ այդ երկիրը ցնցվում էր մեծ փոփոխությունների զարկերից: Դեկտեմբերի 2-ին Կարմիր բանակը մտավ Երևան: Նույն ամսին Չարենցը նշանակվեց Լուսավորության ժողկոմատի արվեստի բաժնի վարիչ: Եվ դարձյալ նրա առաջին մտածումներից մեկը Արմենուհին էր, հեղափոխական տարուբերումներից նրան անվնաս դուրս բերելու հոգսը: Այդ պահին մեծ համարձակություն պիտի պահանջվեր դաշնակցական պարագլխի կնոջը խորհրդային պետական կառույցում աշխատանքի ընդունելու համար: Սակայն նույնիսկ այդ քայլը կատարելիս Չարենցը վայրկյան անգամ չտատանվեց: