Ինչպե՞ս 15 տարեկան պատանին սկսեց պարել․ Գյանջումյանի ծանր մանկությունն ու կյանքից քաղած դասերը

Այս հոդվածում խոսելու ենք հայ պարի վարպետ ու գիտակ Սուրեն Գյանջումյանի մասին։ Նա լույս աշխարհ էր գալու Թուրքմենստանից հայրենիք եկող ճանապարհին: Սուրենի մանկությունը զուգադիպելու էր Մեծ հայրենականի տարիներին՝ սով, զրկանք, դատարկ խանութներ:

Սուրենը չկարողացավ վայելել իր մանկությունը։ Նա վաղ էր կորցնելու հորը, որի մահվան օրը փլվելու էր տան առաստաղն ամբողջությամբ՝ ի չիք դարձնելով իրենց համեստ տան ողջ եղած-չեղածը: Բայց դժվարին կյանքն անզոր էր լինելու կոտրել պատանի Սուրենին, քանի որ նրան ի վերուստ անկոտրում կամք էր շնորհված:

Տասնհինգ տարեկան պատանու մտքով էլ չէր անցնում մտածել բուհական կրթության մասին՝ արհեստ սովորել, աշխատել, ընտանիքին օգնել էր պետք: Դրա համար էլ նա ընդունվում է թիվ երկրորդ արհեստակցական ուսումնարան, որտեղ էլ սկսում է պարել: Հետո, որպես խառատ, աշխատանքի է անցնում էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանում:

Դա 60-ական թվականների սկզբներին էր, երբ գրեթե բոլոր խոշոր գործարաններում պետք է գործեին երգի-պարի համույթներ: Ինքնուսուցմամբ պարարվեստի գաղտնիքները յուրացրած Սուրեն Գյանջումյանը 1957-ին, աշխատանքին զուգահեռ, գործարանում ստեղծում է պարախումբ: Այսպես սկսվում է նրա կյանքի փառահեղ ուղին։ Հակոբ Սրապյանի հոդվածից։