Երկրի ՎԱՐՉԱՊԵՏԻ արցունքները. Ինչո՞ւ ՎԱԶԳԵՆԸ լաց եղավ հեռուստալրագրողի հարցին պատասխանելուց.

« Տարիներ առաջ «Հավերժական շարժիչ» վերնագիրը կրող իր պատմվածքում Վազգեն Սարգսյանի հերոսները ելք որոնելու հույսով դիմում էին երկրի հզորներին, որոնք, սակայն, նրանց պահանջն ունկնդրելուց հետո ոչինչ չէին ասում, այլ միայն արտասվում էին: Ու այդ արցունքներից նեղսրտած մարդիկ գնում էին` ինքնուրույն որոնելու հնարը: Անկախության օրվա զինվորական շքերթից հետո վարչապետ Վազգեն Սարգսյանն արտասվեց, երբ փորձում էր առավել քան անկեղծ պատասխանել հեռուստալրագրողի հերթապահ հարցին:

Տեսարանն իսկապես ազդեցիկ էր, ինչպես կարող է լինել յուրաքանչյուր անգամ, երբ մարդն է արտասվում: Միայն թե այս դեպքում արցունքները երկրի վարչապետինն էին, այն մարդունը, որ տարիներ շարունակ ժողովրդի պատկերացումներում կերպավորվել է ամենահակասական հատկանիշներով, երբեմն նաեւ` ծայրահեղության հասնող բնորոշումների արժանացել: Անսովոր, գուցե նաեւ զարմանալի էր այդ հուզմունքը: Մարդը լալիս էր ոչ թե կորստի ցավից, այլ հարազատության կարոտից, այն իրողությունից, որ «մինչեւ հոդացավ» ծանոթ է հրապարակը քայլերթով կտրողներին ու ձեռքով է շոշափել հռնդացող յուրաքանչյուր զրահապատը:

Վարչապետն արտասվում էր, որովհետեւ գիտեր, թե ինչի համար է արտասվում: Իսկ մենք նայում ու շփոթվում ենք, որովհետեւ մեզ համար լաց լինող իշխանավորները դեռ միայն գրքերում են ապրում, որովհետեւ մեր ցավը հոգսերն ու ապրումները սեփական ձեռքերով շոշափողներին վաղուց մոռացել ենք: Երբ երկրիդ վարչապետը երբեմն նաեւ լալիս է, ուրեմն ամեն ինչ չէ, որ կորած է: Նույնիսկ եթե խոստովանենք, որ մենք, այնուամենայնիվ, մի քիչ սենտիմենտալ ժողովուրդ ենք:»

ԱՂԲՅՈՒՐ՝hovikcharkhchyan.wordpress