Ի՞նչ է նշանակել «Վիշապաքաղ» անունը. Ո՞վ էր ՎԱՀԱԳՆԻ կինը. Ինչպե՞ս էին հայերը պատկերացնում «երկինքը». Հետաքրքիր մանրամասներ, որ արժե իմանալ.

Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «Վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։

Հին հայերի պատկերացմամբ երկինքը նման էր ծովի։ Կարծում էին, թե ամպրոպի ժամանակ փոթորկալից ամպերով ծածկված ու մթամած երկինքը միախառնվում է երկրին, և նրանք բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երբ ամպերը որոտում են, լուսավորվում կայծակից ու փայլակից, երկնային ծիրանագույն ծովի մեջ, իբր, կարմիր եղեգ է վառվում, որի բոցերի ու ծխի միջից ծնվում է Արեգակի նման փայլող աչքերով մի պատանեկիկ։ Այդ պատանին հին հայերի ամպրոպի և կայծակի աստված Վահագն էր, որին կոչում էին նաև Վիշապաքաղ մականունով։

Իր հերոսական արարքների շնորհիվ Վահագնը հին հայերի համար քաջության և հաղթական կռիվների խորհրդանիշ էր դարձել։ Հայ թագավորները նրանից էին քաջություն և հաղթանակ աղերսում։ Վահագնը հին հայերի ամենասիրված աստվածներից էր։ Նա հայոց գերագույն աստված Արամազդի և Անահիտի հետ հայ դիցարանում կազմում էր սրբազան երրորդություն։ Վահագնի տաճարը գտնվում էր Տարոն գավառի Աշտիշատ քաղաքավանում։ Նրա հարսնացուն համարվել է Աստղիկ դիցուհին։ Վահագնի պաշտամունքը կատարվում էր ծիսական մեծ հանդիսություններով։