«Սպանիր հորդ՝ նրանից քեզ ազատագրելու համար. Այսկերպ ես սպանեցի հորս՝ փոխելով անունս և գտա իմ ազատությունը» Որբունու ՆՈՐ կյանքի պատմությունը. Ճանաչո՞ւմ եք նրան.

Լինելով ուսանող զինադադարի ժամանակաշրջանի Կոստանդնուպոլսում՝ Որբունին ծաղկող հայ գրական կյանքի կենտրոնում էր, ինչն առերեսում էր նրան որոշ գրական դեմքերի հետ, որ ուղղորդելու էին նրան դեպի գրականություն՝ իր ցկյանս ուրախությունն ու տանջանքը։ Այս նոր ուղղվածության հետ եկավ և նոր անուն, որը տրվել էր նրան Պերպերյան վարժարանում գտնվելու առաջին իսկ օրը։ Հենց այդ օրը թուրքական ծագմամբ Էոքսյուզյանը հայացվեց Որբունու՝ նշանավորելով անցյալի հետ կապի խզումը, որում Որբունին մեծ կարևորություն էր տեսնում․ «Միգուցե այստեղ տեսանելի է ֆրոյդյան մի մեկնություն՝ Էդիպի բարդույթը։ Սպանիր հորդ՝ նրանից քեզ ազատագրելու համար։ Այսկերպ ես սպանեցի հորս՝ փոխելով անունս․ և գտա իմ ազատությունը»,- ասում է Որբունին իր՝ 1978 թվականի հարցազրույցում:

Իր ազատությունը եկավ առավելապես գրելու միջոցով։ Որբունու անհագ ընթերցումը ուսանողական տարիներին օգնեց նրան ձևավորել գրական հոտառություն, որը թույլ տվեց նրան նման հստակ ոճով գրել առավել ուշ շրջանում։ Հայկական ու ֆրանսիական պոեզիան նրա ամենամտերիմ ուղեկիցներից էին Կոստանդնուպոլսում, որ վերջիվերջո դրդեցին նրան գրելու իր առաջին պատառիկները: «Մի օր, Կոստանդնուպոլսի Librairie Mondiale-ում վերցրի Վեռլենի պոեզիայի հավաքածուն։ Ինձ ծանոթ էր նրա անունը, բայց երբ սկսեցի կարդալ առաջին բանաստեղծությունը. «Հիշողությո՛ւն, ինչ ես ուզում ինձանից․․․,» ինքս ինձ ասացի, որ պիտի հենց այսպես գրեմ՝ ազատագրելու ինքս ինձ։ Գրեցի այսկերպ՝ ազատագրելու համար ինքս ինձ».

Սակայն, ի տարբերություն ֆրանսիացի գրողների, որոնց ճանաչում էր միայն տպագրով, իր համար մեծարելի հայ գրողների հետ նա ծանոթացավ իրական կյանքում։ Մատթէոս Զարիֆեանը՝ զինադադարի ժամանակաշրջանի գրական ասպարեզի նոր լուսատուներից մեկը, ոչ միայն ուսուցիչ էր Որբունու դպրոցում, այլև երբեմն ժամանակ էր անցկացնում այն տանը, որտեղ Որբունին սենյակ էր վարձակալել։ Որբունին ապրում էր Զարիֆեանի fiancée-ի (ֆրանսերենից հարսնացու, նշանած)՝ Նոյեմիի ընտանիքի հետ, և Զարիֆեանի հաճախակի այցերը թույլ տվեցին սկսնակ գրողին զգալ, որ գրելն իր կարողության սահմաններում է․ «Շատ անգամներ Զարիֆեանը թուղթ չէր ունենում։ Ես կամացուկ հանում էի գրպանիցս թղթի կտորներ՝ իր պոեմների համար»,- Որբունին հպարտորեն ավելացնում է,- «Ես Զարիֆեանի պոեզիայի համար շատ էջեր եմ հատկացրել».