«2 մեծանուն ՀԱՅ՝ մեկ տեղում». Պետրոս Հոկտանյանի «Երեկ ես լուռ մնացի» ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանի կատարմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պետրոս Հոկտանյան՝ «Երեկ» 
Կարդում է ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանը
Երեկ ես լուռ մնացի և հոգումս հազար ոլորված ձայներ մոլորվեցին ու որբացան:Երեկ սիրտս դեռ չէր հասկանում ձմռան խոնավ ողբերգության բուն պատճառն ու իմաստը:Երեկ չէի խաբում ինձ ու չէի անիծում արդեն իսկ անիծված արյունոտ իմ ճակատագիրը,որովհետև երեկ ինձ համար էին ու միայն իմն էին բոլոր բախտավորների սիրո դողերը,բոլոր քեֆերն ու հարսանիքները, պատերազմներն ու հաղթանակները:

Երեկ պողպատից էի ու պատրաստ էի դիմանալու բոլոր բիրտ հարվածներին,կողոպուտներին և կասկածանքներին:Երեկ ինձ կյանքը չէր թվում երազ և իզորու էի անգամ մահն իմ ուսերիս վրա կրելու ու զգալու նրա ծանրությունը:Երեկ չէի ամաչում արցունքներիցս՝երեկ իմ աչքերում չկային արցունքներ:Երեկ հայելու միջից սեփական արտացոլանքս չէր գոռում վրաս ու պանջում իրեն փրկել և ազատ արձակել ոսկեզոծ շրջանակի բռնությունից:

Երեկ պատմությունն ու ժամանակը նույն էր՝ոչ օրենք կար և ոչ էլ կանոն,իսկ երկիրը հանճար էր վիժում:Երեկ ես ինձ չէի խնայում,այլ ապրեցնում մի նոր սկզբի համար,թեկուզ անգամ իմ դեմ ըմբոստանալով: Երեկ գիտեի այն ,ինչ այսօր արդեն չգիտեմ:Երեկ ես կարող էին նետվել խորքը հավատի ու ճեղքել նրա միջուկը,հեռանալ հազարների կյանքից,բայց քո կյանքում մնալ ու ապրե՜լ...

Երեկ կարող էի կտոր-կտոր հավաքել ինձ անդունդներից, լեռներից և անգամ երկինքներից հազարավոր և այդ ամենին զուգահեռ՝ ճախրել այս ամենի վրայով:Երեկ ես սեփական աչքերովս տեսնում էի,թե ինչպես է Քրիստոսի մարմնից կաթում  անկեղծ գոյության սերմը և ծաղկեցնում կյանքը:
Երեկ ցուրտն ինձ համար վերարկու էր կարում,իսկ քամին՝թաք անկողին, իսկ մյուսնե՜րը՝... 
նրա՜նք նայում էին ու զարմանում, որ ես դեռ կամ և չեմ մեռել ,որ դեռ կարողանում եմ մերկ մատներով մխրճվել պողպատե մկանիս մեջ ու գտնել իմ փակ երակը,որ ճգնավորի համառությամբ ՝քրտինքս շաղախելով քարը քարին,ընդունակ եմ դեռ սալաքարին ձև տալ ,որ իմ հոգու զորությունը ավելին է,քան բոլոր ռնգեղջյուրների միասնական վարգը՝անթիվ ջունգլիներում:

Երեկ ես ճանաչեցի այս աշխարհը վերջապես իր ողբերգությամբ լայն գույներով բազում և վերջնականապես համոզվեցի, որ այսքան տարի ես ապրել եմ այս աշխարհից դուրս,որ իզուր եմ մերկ մատներով  շոյել կուրծն արևի՝տաքացելու հույսով նրա մարմինը,երբ ինքս մի ամբողջ կյանք եղել եմ հիմքից սառած:
 

Երեկ ինձ Տերը ասես երկրորդ անգամ էր ստեղծել  ,որ ստիպված չլինեի ինքս ամեն ինչ ստեղծել դարձյալ ,որովհետև չէի ցանկանում մնալ իմ առջև հազարների պես:Երեկ ես մտածում էի այն,ինչը արգելված էր մտածել այսօր,տեսնում ծնունդներ ու մահ,ծաղկունք և փտում:

Երեկ եկել էի քեզ փրկելու,ոչ թե նսեմացնելու իմ օգնությամբ:Եկել էի բարեկամի իմ բազուկը մեկնելու քեզ և ոչ մյուսների պես՝ զորավարի ձեռքը հավակնոտ:Եկել էի խանգարելու գոյությունդ աճուրդի հանողներին ու ևս մեկ անգամ հիշեցնելու որ եթե եղել ես,ուրեմն չլինելու հնար չունես ու ինչպես ինձ,այնպես էլ քեզ ազատ կամք է տրված Արարչից:Ասելու, որ լինես քեզ նման ու անոգուտ գործին լծվելու փոխարեն, ինձ պարտադրես նորից մտացել մեր այսօրվա ու վաղվա մասին՝հանուն մեր գալիք սերունդների սաղմնավորման...