«Էս վերջին մի քանի ամիսը սոսկալի ամիսներ եղան իմ կյանքում». ԹՈՒՄԱՆՅԱՆԻ դաժան կյանքից էջեր, որոնք քչերին են հայտնի

1915 թ. աշնանամուտին Էջմիածնից Թիֆլիս վերադարձող Թումանյանը դեռ չգիտեր, որ այսուհետ վիշտն ու դժբախտությունը պիտի կրնկակոխ հետապնդեին իրեն: Դեռ նոր էր տեղ հասել, երբ բոթը ծեծեց տան դուռը. սեպտեմբերի 16-ի կեսօրին թաքստոցից արձակված կրակոցներից սպանվել էր հարազատ եղբայրը` Մարցի վանքապետական կալվածքների կառավարիչ Ռոստոմ Թումանյանը: Անմիջապես Դսեղ մեկնեց, իր ձեռքով հողին հանձնեց եղբորը: Մի քանի օրից տուն վերադարձավ տխուր, ինքնամփոփ: Ոչ մեկին չէր ընդունում, ոչինչ նրան չէր հանգստացնում: Երեկոները խոսում էր եղբորից, հիշում Լոռիում նրա հետ անցկացրած օրերը: Չէր կարողանում հաղթահարել վիշտը:
Բայց դեռ Ռոստոմի կորստի վերքը չէր սպիացել, երբ նրա մահից երեք ամիս անց մի նոր գուժաբեր հեռագիր ստացավ այն մասին, որ ռազմաճակատում` Բաթումի մոտ, Արխավա գետի ափին սպանվել էր մյուս եղբայրը` 23- ամյա սպա Արտաշեսը… «Էս վերջին մի քանի ամիսը սոսկալի ամիսներ եղան իմ կյանքում: Առաջ Վան, հետո ամռանը` Էջմիածին, նրանից հետո մի եղբորս սպանությունը, ապա մյուսի սպանությունը, տունը կատարյալ անտեր է- միայն շփոթված սգավոր կանայք ու երեխաներ, մյուս եղբայրներս հեռավոր ֆրոնտներում կամ հիվանդանոցներում, տղերքս դեսուդեն ցրված ու վտանգի տակ…»,- գրում էր հուսալքված բանաստեղծը:
1918 թ. դեկտեմբերի 3-ի առավոտյան Թումանյանը սովորականի պես վերցրեց օրվա լրագրերը, բացեց «Հորիզոն» թերթի թարմ համարը, և այն, ինչ կարդաց այնտեղ, կայծակի պես շանթահարեց նրան. «Բեջարից դեպի Համադան տանող ճանապարհի վրա քյուրդերից սպանվել են դոկտոր Վարդանյան Միքայելը, Թումանյան Արտավազդն ու օրիորդ Սահակյանը` Քաղաքների միության ծառայող»:
Թերթը ձեռքին որդեկորույս հայրը հեկեկում էր, և աշխարհում ոչինչ, ոչինչ չկար, որ մխիթարեր նրան:
Իր սիրելի որդին, դեռ 24 տարին նոր բոլորած Արտիկը, որ հոր օրինակով բանաստեղծում ու պիեսներ էր գրում, որ հրապուրված էր ճարտարապետությամբ ու գեղանկարչությամբ և երազում էր Եվրոպայում կրթություն ստանալու մասին, առաջին իսկ կանչով զինվորագրվեց, ու հիմա հավերժ փակել էր աչքերը` խոցված դարանակալ թշնամուց…
Օրերն անցնում էին, բայց վշտի թուխպը չէր լքում Թումանյանին: Առանձնանում էր սենյակում, ժամերով նայում էր որդու դիմանկարին կամ լուռ նստում էր սեղանի մոտ, շիշը դնում էր դիմացը ու սպասում էր Արտիկի վերադարձին…
Կանցներ մի կարճ ժամանակ և նրա առանց այդ էլ կսկծացող սիրտը նորից կխարանվեր անկրելի ցավից: Ամառային մի օր նա պիտի ստանար երրորդ եղբոր` Արշավիրի մահվան բոթը: Որտե՞ղ էր ավարտը: Մի՞թե վերջ չէր ունենալու դժբախտությունների այդ շղթան, որ խեղդալար դարձած` սեղմում ու սեղմում էր կյանքի պարանոցը` ապրելը վերածելով դժոխային տառապանքի: «Հետզհետե մեր տունն ավերակ է դառնում մեր հայրենիքում։ Իհարկե, խեղճ նանն էլ չի դիմանալու էսքան հարվածներին»,- գրում էր նա իր զավակներին:
Կյանքը գունաթափվել ու իմաստազրկվել էր: