«Հրաշալի զինվորական էր, 2019 թվականին ուղևորվել էր Սիրիա ու մեդալով էր վերադարձել իր քաջության համար». ՀԵՐՈՍ Սերգեյը ընկավ իր ՀԱՅՐԵՆԻՔԻ համար

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր լույսերից ևս մեկին, ով տվեց աշխարհում ամենաթանկը, որ մենք ապրենք. Սերգեյ Սամվելի Լալաբեկյան:

Մեր հերոս Սերգեյը սերժանտ էր, դիպուկահար: Ծնվել է 1997 թվականին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Նա որոշում է իրեն նվիրել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին ու 2017 թվականին ծառայության է անցնում Հատուկ նշանակության բրիգադում: Նա հրաշալի զինվորական էր, 2019 թվականին խաղաղապահ առաքելությամբ ուղևորվել էր Սիրիա ու այնտեղից մեդալով էր վերադարձել իր քաջության ու լավ ծառայության համար:

Նա նաև մինչև վերջին շունչը պայքարեց իր հայրենիքի համար: 44-օրյայի հենց առաջին ժամերից ամենաթեժ կետերում ամենաբարդ առաջադրանքներն է կատարել: Բայց պատերազմը նրան էլ չխնայեց: Հերոս Սերգեյը ընկել է քաջաբար հոկտեմբերի 19-ին իր առջև դրված բարդ մարտական խնդիրը կատարելու ժամանակ:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: