«Ինքն էր գնացել ու ասել, որ իրեն ավելի թեժ դիրքեր տանեն՝ հարավային ուղղություն». ՄԵՐ ՀԵՐՈՍ Սուրենը տղերքին հաց ու զենք էր տանում, բայց թշնամին խոցեց

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր լույսերից ևս մեկին, ով տվեց աշխարհում ամենաթանկը, որ մենք ապրենք. Սուրեն Ռոբերտի Դեմիրճյան:

Մեր հերոս Սուրենը ծնվել է 2000 թվականին Արարատի մարզի Դարակերտ գյուղում: Զբաղվում էր իրենց այդքան սիրելի սպորտով: Գնում է նաև սիրելի մասնագիտության հետևից, ընդունվում է բուհ, բայց կիսատ է թողնում իր փայլուն ու պայծառ ապագան ու մեկնում մի կարևոր առաջադրանքի՝ ծառայության: Նա զորակոչվում է Հայոց բանակ և ծառայության անցնում Մարտունի 3-ում:

Նա նվիրված ու պատասխանատու զինվոր էր, ու իր պես տղերքը 44-օրյայի հենց առաջին ժամերից իրենց հողի համար պայքարի ելան: Դեռ առաջին օրերին Սուրենը խնդրել էր իրեն ավելի թեժ դիրքեր տանել՝ Արցախի հարավային ուղղություն, որտեղ էլ շարունակել է իրա մարտը:

Այդ անիծված օրը՝ հոկտեմբերի 11-ին, զինակիցներին սնունդ ու զենք պիտի հասցներ, բայց թշնամին թիրախավորում է հերոսին ու նա նույնպես միանում է մեր անմահների գնդին:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: