«Երեկ Թումանյանների մոտ էի: Մուշեղի հետ վիճեցինք». թե ինչու Իսահակյանն ու Թումանյանի որդին սկսեցին վիճել ԿՈՄԻՏԱՍԻ համար, սակայն երկուսն էլ գովաբանում էին մեծն երգահանին

Ռուբեն Զարյանը Ավետիք Իսահակյանի հետ հանդիպման մասին գրում է.

Գնացի այցելության: Սառն ընդունեց, ավելի շուտ՝ անտրամադիր: Հասկացա, որ անժամանակ եմ եկել. ուզեցի գնալ՝ չթողեց: Փափուկ սրտի տեր լինելով՝ իրավունք չէր համարում իր վատ տրամադրությունը դիմացինին հաղորդել: Ժպտաց. նույնիսկ փորձեց կատակ անել, բայց չստացվեց: Պարզ երևում էր, որ ջանք է գործ դնում իր վրա:

— Ի՞նչ կա, չկա, — դիմեց ինձ:

Սկսեցի նորություններ պատմել, զբաղեցնել նրան, միտքը շեղել, գուցե ցրվի: Մեկ-մեկ նայում էր ինձ, բայց մտազբաղ էր, անարձագանք: Հասկացա, որ չի լսում ինձ:

— Երեկ Թումանյանների մոտ էի. Օհաննեսի ծննդյան օրն էր: Մուշեղի հետ վիճեցինք:

Ասաց ու լռեց: Ձայն չհանեցի: Բնավորությունն արդեն գիտեի: Վստահ էի, որ մի փոքր հետո կբացվի, կասի ամեն ինչ ու կհանգստանա:

— Եվ ինչի՞ մասին. Կոմիտասի: Չի հասկանում. ընդունում է, որ հանճար է, իսկ երբ բացատրում է՝ Կոմիտասը փոքրանում է, անշքանում: Ես ասում եմ, թե Կոմիտասի մեծութունը այն է, որ հայտնագործեց հայ երգը, ապացուցեց, որ հայ ժողովուրդն էլ իր երաժշտությունը ունի: Ասում է, չէ, նա սքանչելի կատարող էր: Ասում եմ դա ինչ նշանակություն ունի. կարող էր և վատ կատարող լինել, բայց մեծ՝ իր հայտանգործության մեջ: Ասում է՝ չէ, ու միտքն ուրիշ ուղղությամբ է ստանում: Դե արի ու վիճիր:

Ես հասկանում էի, որ նա իր ասածի հաստատման կարոտն է քաշում: Եվ ես չզլացա այդ անել, մանավանդ, խորապես համոզված էի, որ ճշմարտությունը Վարպետի կողմն է:

Ժպտաց: Իմաստության հասած լինելով, նա պահել էր, սակայն, մանկական իր պարզությունը, այն, որ մի ուրիշն էլ է հաստատում իր ասածը, բավական էր նրան: Թեև շարունակում էր խոսել ոչ պակաս կրքով, բայց ձայնի մեջ արդեն վրդովմունքի շեշտեր չկային:

isahakyan zaryan

— Կոմիտասին համեմատում են Թամանյանի հետ: Սխալ է. ես սիրում եմ Թամանյանին, դու այդ լավ գիտես: Գրել եմ նրա մասին: Բայց տարբեր են, տարբեր դերով, ըստ էության: Թամանյանը հայոց ճարտարապետությունը մղել է առաջ, բայց չի կարելի ասել, թե հայտնագործել է: Դրա կարիքը չկար, որովհետև հայտնագործված էր, այնքան բացարձակ, որ օտարներն էլ էին ընդունում: Հայ երգը մինչև Կոմիտասն էլ կար, իհարկե, թեև շատերը մերժում էին, բայց որն էր՝ ոչ ոք չէր կարողացել ասել, թե ա՛յ սա հայկական է, ազգային, իսկ սրանք՝ ո՛չ, քրդական, տաճկական, վրացական են, բայց ո՛չ հայկական: Կոմիտասը կարողացավ, որովհետև զգում էր ժողովրդին, ուստի և հասկանում էր, թե որն է հայկական երկրի բնությա՛ն մեջ կանգ առել և որը, թեև հայ շինականի շրթունքներից լսված, բայց դրսից եկած, օտարամուտ: Կոմիտասը բախտավոր էր, որ ոչ միայն իր հանճարի ուժով զգում էր դա, այլև ուներ տեսական լուրջ պատրաստություն զգացածն ապացուցելու համար:

Ասաց, ապա շեշտակի նայեց ինձ ու վրա բերեց.

— Այդ է Կոմիտասի պատմական սխրագործությունը:

Ես խորհուրդ տվի գրել դրա մասին, արտահայտվել, ասելով, որ նրա արծարծածը սկզբունքային իմաստ ունի: Ոչինչ չասաց, բայց հայացքի մեջ հավանություն կարդացի: