«Ինքս արդեն վաղուց ՊԱՊ եմ, բայց երբեք չեմ բաժանվում Խաչիպապ պապի կերպարից». մեծն Իսահակյանը իր ՊԱՊԻ ու հայտնի բանաստեղծության ստեղծման մասին

Սահյանի վիպային քնարերգության գլխավոր էպիկական հերոսը իր պապն է՝ Խաչիպապ վավերական անունով: Այդ մասին ունենք նաև Սահյանի հուշային պատումը:

«Ինքս արդեն վաղուց պապ եմ, բայց երբեք չեմ բաժանվում Խաչիպապ պապի կերպարից: Դա ինձ համար անկրկնելի աշխարհ է: Նրա մարդկային և գեղջկական փիլիսոփայությունը ամենից առաջ մի բանում եմ տեսել՝ պապն ամբողջ կյանքում աշխատել է: Երբ մի անգամ հենց դաշտում, ակոսի մեջ թուլացել էին ծնկները, պապը չի վախեցել: Նա … ամաչել է: Ինքը խոստովանեց: Եվ, գուցե, դեռևս պատանի, ես
սրտումս արդեն գրել էի այն, ինչը հետո տրվեց թղթին»:

Համո Սահյան, «Գրչի, խոսքի, խղճի կշիռը», էջ 182

Պապը
Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:

Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:

Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:

Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:

Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…

Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:

Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:

Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է

Աղբյուրը՝ Մտագրոհ