«Նա ասաց՝ ես կասկածում եմ, թե մի բան կտա ՀԱՅԿԱԿԱՆ երաժշտությունը, սակայն վերջում խոնարհվեց ու ներողություն խնդրեց». թե ինչպես մեծն Կոմիտասը ոտքի կանգնեցրեց ֆրանսիացի հանդիսատեսին

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Առավոտ շուտ չէր, արևն իր օրվա պռատ ճամփից մի երկու պարան անցած պետք է լիներ, բայց չկար` չքացել էր քաղաքի գորշ երկնքում, մի ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր:

"Le Mercure musical" ամսագրի նոր համարը, - դիմացի մայթին սնգսնգում էր լրագրավաճառ տղայի ձայնը, - վերջի՜ն համարը:

Հանդեսի անունը Կոմիտասին հետաքրքրեց. երկու շաբաթ առաջ, երբ փարիզեցիներով խճճված «Սալ դեզ, Ագրի քյուլտյորի» դահլիճում տրվելու էր հայկական առաջին նվագահանդեսը, և ինքը բեմում վերջին կարգադրություններն էր անում, ականջն ընկավ.

- Զարմանալի է: Եկել են նաև Փարիզի գիտական ու երաժշտական հեղինակությունները: Պարզապես անսովոր ու հրապուրիչ ծրագրերն են այսքան մարդ հավաքել: Ես կասկածում եմ, թե մի բան կտա հայկական երաժշտությունը, այն էլ... մի կրոնավորի ղեկավարությամբ:

Խոսողն առաջին շարքում նստած մի երիտասարդ էր` ինքնագոհ ու վստահ:

Իսկ նվագահանդեսի վերջում, երբ դահլիճը հիացմունք էր աղմկում, երիտասարդը բեմ թռավ.

- Խնդրում եմ... խնդրում եմ, ներեցեք ինձ, - խոնարհվեց:

Ինքը հոգնած ու անքեն ժպտաց, և երիտասարդն ավելի շփոթվեց:

- Հայր սուրբ..., - կմկմաց:

Մուշեղ Գալշոյան

Աղբյուրը՝ Մտագրոհ