Բոլորիդ ծանոթ են «Այբբենարան», «Մայրենի» և «Մաթեմատիկա» դասագրքերը որոնք ցայսօր գործածվում են հանրակրթական դպրոցներում. Գիտե՞ք, թե ով է դրանք ՀԵՂԻՆԱԿԵԼ.

Վաչագան Սարգսյանը հայերենին նվիրված բազմաթիվ գրքերի, ձեռնարկների, դասագրքերի հեղինակ է։ Վաչագան Ա. Սարգսյանի «Այբբենարանը» 1998 թվականից առ այսօր գործածվում է հանրապետության դպրոցներում։ 2005 թվականին լույս տեսավ նրա «Հայերենի դասագիրքը»՝ դարձյալ առաջին դասարանի համար, այնուհետև հրատարակվեցին նրա «Մայրենի-1», «Մայրենի-2», «Մայրենի-3», «Մայրենի-4» դասագրքերը (վերջին երեքը՝ համահեղինակությամբ), որոնք արդեն մի քանի տարի գործածվում են հանրակրթական դպրոցում։ Նա նաև համահեղինակ է հանրակրթական դպրոցում օգտագործվող «Մաթեմատիկա-1», «Մաթեմատիկա-2», «Մաթեմատիկա-4» դասագրքերի։

Նրա «Հայ-ռուսերեն դարձվածաբանական պատկերագիր բառարանը», «Խաղագրքեր» մատենաշարը հայոց լեզվի նրբությունների ներկայացումներ են։ Վաչագան Սարգսյանի «Անցողիկ հավերժություն», «Այս տխրությունը ես չեմ հորինել», «Օրը՝ ինչպես որ տեսա» ժողովածուներում զետեղված են բանաստեղծություններ, պատմվածքներ, մտքեր, երգիծանք, հրապարակախոսական հոդվածներ, գրական նմանակումներ և այլն։ Թարգմանական գրքերից են՝ Ռոբերտ Ալենի «Ինչպես փրկել երկիրը», Վիկտոր Բորուլյայի «Միջուկային գրոհ», Վ. Սիբրուկի «Ռոբերտ Վուդ» գիտագեղարվեստական գրքերը։

2011 թվականի մարտին, Վաչագան Սարգսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ, լույս է տեսել «Ներկայություն։ Վաչագան Ա. Սարգսյան։ Կենսամատենագիտություն 60» գիրքը (կազմողներ՝ Բելլա Դավթյան, Հրանտ Վարդանյան), որն ամփոփում է նրա գործունեության ողջ կենսամատենագիտությունը, գրքերի և այլ հրատարակությունների ամփոփագրեր և գրախոսություններ նրա ստեղծագործությունների մասին։ Ըստ այդ գրքի՝ մինչև 2011 թվականի մարտ Վաչագան Սարգսյանի հեղինակությամբ և համահեղինակությամբ լույս է տեսել 48 գիրք և դասագիրք, 29 դիդակտիկ պարագա և ուսումնաօժանդակ ձեռնարկ, թարգմանական 10 գիրք։