«Խաղաղապահ էր, իր փայլուն ծառայության համար բազմաթիվ մեդալների էր արժանացել, բայց ընկավ իր հողի վրա». ՄԵՐ ՀԵՐՈՍ Վահագնը 2 որդիների հայր էր

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր լույսերից ևս մեկին, ով տվեց աշխարհում ամենաթանկը, որ մենք ապրենք. Վահագն Վանիկի Աֆրիկյան:

Մեր հերոս Վահագնը կրտսեր սերժանտ էր, գնդացրորդ: Ծնվել է 1984 թվականին Գեղարքունիքի մարզի Հացառատ թաղամասում: Ծառայել է Հայաստանի խաղաղապահ զորքերում, փայլուն զինվորական էր, իր ծառայության համար արժանացել էր բազմաթիվ մեդալների ու պարգևների:

Հումանիտար առաքելություն է իրականացրել Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում, որտեղ նույնպես փայլել է իր գիտելիքներով: Ու հայրենիքը զգաց նրա կարիքը: 44-օրյայի հենց առաջին ժամերից նա մեկնել է առաջնագիծ ու միացել հայրենիքի համար մղվող պայքարին: 2 որդիների հայրը կռվում էր՝ առանց իրեն խնայելու: Բայց նա էլ ընկավ Հադրութի թեժ կրակներում հոկտեմբերի 10-ին:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: