ՀԱՅ կոմպոզիտոր, ով մի կերպ փախավ հայկական ջարդերից դեպի ԱԹԵՆՔ. Գիտե՞ք որ Հայոց Ցեղասպանության պատարագի ՌԵՔՎԻԵՄԸ հենց նա է հեղինակել.

Կոմպոզիտոր, դիրիժոր ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՊԵՐՊԵՐՅԱՆ ծնվել է Արևմտյան Հայաստանի Ադանա քաղաքում: 1915թ. հայկական ջարդերի ժամանակ գաղթել է Սիրիայի Հալեպ քաղաք, ապա` Աթենք: 1930թ. ավարտել է Աթենքի կոնսերվատորիայի ջութակի և ստեղծագործական բաժինները, ապա` կատարելագործվել Փարիզում: 1923թ. Աթենքում տեղի է ունեցել առաջին համերգը: Ապա համերգներով հանդես է եկել Մերձավոր Արևելքի երկրներում, ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում: 1945թ. Կիլիկիայի կաթողիկոս Գարեգին 1-ինի հրավերով տեղափոխվել է Լիբանան, որտեղ դասավանդել է հայկական դպրոցներում և Բեյրութի պետական կոնսերվատորիայում:

Հեղինակել է մի շարք սիմֆոնիկ ստեղծագործություններ` «Շողիկ», «Արևածագին», «Թմկաբերդի առումը», «Թիթեռ» օպերա-բալետը, «Հայկական եկեղեցին», «Խորհուրդ Վարդանանց», վոկալ-սիմֆոնիկ երկեր, ջութակի, թավջութակի կոնցերտներ, ջութակի համար գրված «Հայկական վարիացիաները», ռոմանսներ, խմբերգեր, ժողովրդական մի շարք երգերի մշակումներ: Հեղինակել է «Ռեքվիեմ աերթնամը» (հոգեհանգստյան հավիտենական պատարագ)` նվիրված Հայոց Ցեղասպանության 60-ամյակին, որը գրել է Ե.Չարենցի` Կոմիտասին նվիրված ռեքվիեմի հիման վրա: Բազմաթիվ խմբերգեր և մեներգեր է գրել Սայաթ-Նովայի, Հ.Թումանյանի, Սիամանթոյի, Ե.Չարենցի, Վ.Թեքեյանի բանաստեղծությունների հիման վրա:

Նրա շնորհիվ է, որ Նյու Յորքում, Բոստոնում, Դեթրոյթում, Լոս Անջելեսում, Մոնրեալում և այլուր կազմակերպվել են մի շարք երգչախմբեր, երգի-պարի անսամբլներ` «Տարոն», «Անդրանիկ», «Սարդարապատ», «Վահագն» և այլն: 1981թ. Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից արժանացել է Կոմիտասի անվան մրցանակի: Մահացել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում: