«ՄԵՐ ՈԳԻՆ ԱՅՍՕՐ ՀԱՂԹՈՒՄ Է» հայոց ՍՊԱՐԱՊԵՏԸ. Շուշի, 1992 թ. Մայիսի 9.

Այն, ինչ կատարվում է Արցախում, հրաշք է: Հեռվից հեշտ է դատել, հրահանգներ տալ: Տեղում բոլորովին այլ է: Օգնությունը` օգնություն, բայց Կրկժանի, Մալիբեյլիի նման անառիկ տարածքները ժամանակին վերցնելն ուղղակի հրաշք էր, անձնազոհություն: Արցախը պաշտպանում է իրեն, բայց կար անավարտության զգացում: Իսկ քանի Շուշին կար, Արցախում ապրելն անհնար էր: Ամեն օր տասնյակ խաղաղ բնակիչներ էին սպանվում: Հեքիաթի աղբյուրի գլխին կախված հրեշ էր Շուշին: Կամ պիտի Արցախը կուլ գնար, կամ ոչնչացներ նրան: Նույնը Ջանհասանը և Նաբիլարը: Այս փոքրիկ գյուղերում վիթխարի քանակով զենք էր կուտակված: Գիտեինք` Արցախում ադրբեջանցիներն անսահմանափակ զենք ունեն: Այդ զենքն այսօր ուղղված է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի վրա: Վերջին ամսում Շուշիում ևս մեծաքանակ զենք էր կենտրոնացվել:

Ծրագրված էր և վերջին օրերին իրականացվում էր Ստեփանակերտը գրավելու գործողությունը: Մյուս կողմից Աղդամն էր միանալու: Այս ընթացքում Արցախը բազմաթիվ զոհեր տվեց: Հակահարվածը անհրաժեշտություն էր, և նախորդ գիշեր այն սկսվեց: Շուշիի մերձակա կրակակետերը վերացվեցին, ավելի կատաղի սկսեցին գործել քաղաքի շուկայի և բանտի հենակետերը: Միայն բանտի մոտ «Գրադի» երեք կայանք կար: Բանտը, որի վրա գրոհող տղերքի զգալի մասին այդ նույն բանտում տանջել են, վերածվել էր շատ ամուր բերդի: Վերջին տվյալներով այն գրավված է, կրակակետերը ոչնչացված են: Շուշիի վերին մասում` դեպի Լաչին, թշնամու ռազմական ուժերի խմբավորումը շարունակում է դիմադրել և գնդակոծում է Ստեփանակերտը:

Թշնամին օգտագործում է նաև մարտական ուղղաթիռներ և մեզ հայտնի ՍՈՒ-25 ռմբակոծիչը, որը երեկ 19.40-ին երեք ռումբ է գցել Ստեփանակերտի և մեր դիրքերի վրա: ԼՂՀ մայրաքաղաքում մեծ ավերածություններ կան: Մեր ժողովրդի մի հատվածն այնտեղ` Արցախում կենաց ու մահու կռիվ է տալիս, և մենք այստեղ անտարբեր մնալու բարոյական իրավունք չունենք: Արցախին մեր ամեն կարգի օգնությունը ապահովվելու է…
Փառք ու պատիվ ընկածներին, փառք ու պատիվ մարտնչողներին: Պատերազմը լոկ երկաթի ու տեխնիկայի կռիվ չէ, առաջին հերթին ոգու պայքար է: Այսօր մեր ոգին է կռվում: Մեր ոգին այսօր հաղթում է:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
1992 թ., 9 մայիսի, «Երկիր»