«Թումանյանը վերստեղծեց ազգի պատմությունը, նրանից ավելի մեծ հայ դիվանագետ ինձ հայտնի չէ, սակայն ՀԱՅԸ դեռևս նրան չի ճանաչում». Սահյանը Թումանյանի մեջ տեսավ այն, ինչը ՀԱՅԸ չտեսավ

Հարություն Հովնաթանի «Խոսում է Համո Սահյանը. զրույցներ» գրքում լավ ուրվագծվում է մտածող, փիլիսոփա, աշխարհի չարն ու բարին վերլուծող, անողոք ճշմարտախոս, մարդասեր ու մարդամոտ, աշխարհի ճակատագրով տառապող Համո Սահյանը:

Համո Սահյան
Թումանյանը վերստեղծեց ազգի պատմությունը, որը և մարդկության պատմությունն է: Եղածը հայտնաբերեց: Նա այն մեծերից է, որ կարող է գոյատևել նաև ուրիշ լեզվում: Հայը դեռևս Թումանյանին չի ճանաչում: Այդ նա կարող էր վերևից Արևի պես նայել: Թումանյանն անսխալական է: Ավելի մեծ հայ դիվանագետ ինձ հայտնի չէ: Թումանյանը բոլորից մեծ է: Ազգի փրկությունը նա տեսավ, գոյատևման համար ընտրեց Ռուսաստանը: Նրա խոսքը Աստծո Խոսք է:

Նրա երկինք – հոգին տեսավ. 
Տեսավ` ուտում են ամենքն ամենքին.
Ամեն հայրենիք` իրեն զավակին,
Եվ իր պաշտողին` ամեն մի աստված,
Եվ կյանքը տանջանք, ցավ համատարած:

Աշխարհի բոլոր ողբերգությունները նա բացատրում էր ազգերի, ցեղերի զարգացման աստիճանով.

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան,
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան:
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

Նրան հասկանալի և սիրելի էին բոլոր ժողովուրդները: Նա այն մեծն է, որ տառապում է տիեզերքի մեծ հոգու հետ, աշխարհի հետ տառապում աշխարհի չափ, աշխարհի համար, ամենքի հետ` ամենքի համար, ամենքի չափ.

tumanyan sahyan
Բայց ո՛վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի, 
Ու հալվեի՜, ծավալվեի՜, ամենքի հետ լինեի:

Թումանյանը հարթավայրում չէր, ձգտում էր վերև, ելնում գագաթից գագաթ՝ հավատալով ու հաստատելով ոգու անմահությունը.

Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ …

Ասացի, մեծը ինքնին ժողովուրդ է: Ոգին է ժողովրդի: Մեծ զավակը փրկում է ժողովրդին: Ժողովուրդն, երբ Իսահակյանին անգիր է արել, թերևս չի էլ իմացել, որ Իսահակյան կա: Րաֆֆու ոգին ժողովրդին էր հասնում: Իսահակյանն այնքան մեծ է, որ կարմրում էր, երբ իրեն դնում էին Թումանյանի կողքը:

Թումանյանը, Իսահակյանը իրենց գործն արել էին: Նրանցից հետո Տերյան պիտի ծնվեր, որպեսզի ազգային զգացումները բարձրացներ համաշխարհային արվեստի մակարդակի; Նրանք հայ ժողովրդին ազգային ինքնաճանաչման բերին բուն ժողովրդական սյուժեներով, մոտիվներով, իսկ Տերյանն ընդհանրացրեց բարձր արվեստով: Տերյանը մորմոքի լույսը բերեց: Է՜, լավ է ասել Մորիսը, միտքդ պիտի աշխատի էնպես, որ դու հետևից գնաս ու չհասնես: Էսօր չի աշխատում միտքս:

Աղբյուրը՝ lurer.com