«Իր արվեստով Աբելյանը եզակի ու անկրկնելի արտիստ է»․ հայ բեմի խելահեղ արտիստը

Հայ բեմի խելահեղ դերասան Հովհաննես Աբելյանը, խելացի էր և’ կյանքում, և’ բեմում։ Նա խաղում էր անկեղծությամբ, արյուն էր ներարկում իր մարմնավորած յուրաքանչյուր կերպարին։ Նրա Լիրը զորեղ էր, նրա Օթելլոն մեծ սիրտ ուներ, անգնահատելի հմտությամբ էր խաղում Էլիզբարովի դերը և շատ այլ դերեր։ «Նամուս» և «Չար ոգի» վեպերն Աբելյանի խորհրդով է Շիրվանզադեն պիեսների վերածել։

«Իր արվեստով Աբելյանը եզակի արտիստ է, անկրկնելի, առանձնապես Շիրվանզադեի պիեսներում»,- գրում է Մարտիրոս Սարյանը։ «Ի՞նչ է արել Աբելյանը մեր հայ թատրոնի համար. նա եղել է թատրոնի ժողովրդականացման ռահվիրաններից առաջինը»,- գրում է հայտնի թատերագետ Գրիգոր Ավետյանը։

Հովհաննեսը ծնվել է 1865 թվականի հոկտեմբերի 23-ին, Շամախիում, արհեստավորի ընտանիքում։ 1917 թվականին ընտրվել է «Հայ դրամատիկ դերասանների միության» նախագահ։ Ադամյանի մահից հետո, տասնամյակներ շարունակ Աբելյանը եղել է հայ թատրոնի կորիզը և իր անհատականությամբ, ռեալիստական արվեստով ազդել բեմարվեստի ազգային ոճի ձևավորման վրա։ Մահացել է հուլիսի 1-ին, Երևանում։ Գոհար Ալեքսանյանի հոդվածից։