Ապրես, գիտուն մանչ ես․ գիտե՞ք՝ որ ՀԱՅ գրողն էր Իտալիայում հանդիպել Ավետիք Իսահակյանին և ինչու էր նման բան ասել

Դե իհարկե Ավետիք Իսահակյանին։ Ստորև Ձեզ ենք ներկայացնում գրողի հուշերից մի հատված։

Ապրիլ ամսի սկզբներին, 1901 թվին, Վիեննայից մեկնում եմ Վենետիկ, թե՛ Մխիթարյանների վանքի՝ հայագիտությամբ հարուստ գրադարանից օգտվելու, և թե՛ Իտալիան հնար եղածի չափ տեսնելու։

Ուշ երեկոյան հասնում եմ Վենետիկ։ Առավոտ վաղ ոտ­քի վրա եմ. ուզում եմ ժամ առաջ տեսնել Սուրբ Ղազար կղզին՝ Մխիթարյանների վանքը։ Հետաքրքրությանս առաջին գծի վրա սա է կանգնած, պատանի հասակիցս երազել եմ տեսնել Վենետիկը, բայց մանավանդ Ս. Ղազարը։

Նետում եմ ինձ առաջին պատահած գոնդոլի վրա։ Մի արևավառ օր է. սև գոնդոլը սև կարապի պես ներդաշնակ սահում է Մեծ կանալի կանաչ ջրերի վրայով։ Սա կախարդական քաղաքի ամենամեծ, լայն և երկայն ջրային պողոտան է, որ կիսում է Վենետիկը երկու մասի։ Նրա աջ ու ձախ կողմերում շարքով կանգնած են հրաշագեղ պալատներն ու ապարանքները՝ երփներանգ մարմարիոնով, կառուցված վենետիկյան չքնաղ ոճով։ Կարծես հեքիաթների միջով եմ գնում, այնքա՜ն անիրական, այնքա՜ն երևակա­յական են թվում այս բոլորը, սակայն ես հայացքս հառել եմ Լագունայի հեռուները, որոնում եմ Ս. Ղազարի կղզին։ Գոնդոլավարը, ճանապարհի ընթացքին հանդիպող կղզիների անունները տալով, առաջանում է և, ահա, ցույց է տալիս ոչ շատ հեռվում՝ Ս. Ղազարը…

Դանդաղ է սահում գոնդոլը։ Ես անհամբեր եմ, շտապեցնում եմ գոնդոլավարին։ Մոտենում ենք կղզուն, անհագուրդ նայում եմ կանաչ նոճիների միջից երևացող կարմիր շենքերին. – «Սուրբ Ղազարն է սա» , – ասում եմ ինձ և կրկնում։

Ի՜նչ պատկառելի անուններ հնչում են ականջիս՝ Մխիթար Սեբաստացի, Ագոնց, Չամչյան, Ինճիճյան, Բագրատունի… և Ալիշան, որին բախտ կունենամ այսօր իսկ տեսնելու։

Ինչքա՜ն մեծ երախտիք ունի Սուրբ Ղազարի միաբանությունը հայ գրականության, հայագիտության հանդեպ։ Ի՜նչ հոյակապ գործեր՝ առաջին աշխարհաբար հայ գրականություն, Հայկազյան բառարան, Հայոց պատմություն, Հայաստանի աշխարհագրության՝ ստվար հատորներով, հին ձեռագիր մատյանների (մատենագրությունների) հրատարակություններ, կլասիկների թարգմանություններ։

Գոնդոլը կանգ է առնում։ Սրտատրոփ ոտք եմ դնում այս պատմական, թանկարժեք հողի վրա։

Ինձ դիմավորում է մի առողջ, համակրելի երիտասարդ վարդապետ։ Եսայի Տայեցի՝ «Անվավեր ավետարանների» հրատարակիչը։

Միաբաններից մեկը, ամեն օր, հերթով, ընդունում է այցելողներին և ցույց տալիս Ս. Ղազարի տեսարժան տեղերը՝ տաճար, մատենադարան, թանգարան, տպարան, պարտեզ և այլն։ Վանքը լավ համբավ ունի Եվրոպայում, և Վենետիկի այցելուները չեն թերանում Ս. Ղազարն էլ այցելելու։

Վանքը շրջելուց հետո Եսայի Տայեցին առաջնորդեց ինձ հյուրասենյակը, ուր ծանոթացա մի քանի երիտասարդ կարգապետների հետ, արդեն անուն ունեցողներ՝ Վարդան Հացունի, էփրիկյան, Սիմեոն Երեմյան։ Հյուրասիրեցին սուրճով և անուշեղէններով։ Նրանք շատ հետաքրքրվում էին Կովկասի հայերի կացությամբ, հարցնում էին դպրոցների մասին, գրականության և էջմիածնի մատենադարանի մասին, Անիի և այլ հնությունների պեղումների մասին։

Այս զրույցից հետո փափագեմ հայտնում տեսնել հայր Ղևոնդ Ալիշանին։ Այս անգամ Սիմեոն Երեմյանն առաջնորդում է ինձ մեծանուն բանաստեղծի և գիտնականի մոտ։ Ինչքա՜ն, ինչքա՜ն ուրախ եմ, որ պիտի տեսնեմ ամբողջ հայության սիրելի Ալիշանին։ 90-ական թվականների մեր սերունդի համար նա ամենահմայիչ անունն էր. նրա՝ Նահապետի սքանչելի բանաստեղծությունները՝ «Հրազդան», «Պլպուլն Ավարայրի», «Հայոց աշխարհիկ, գարունդ է եկել…», մենք անգիր գիտեինք, մեր դասագրքերի զարդն էին նրանք, ոգևորված արտասանում էինք հանդեսներում։

Նրա գրքերին պատկառանքով էինք մոտենում, որոնք մեզ համար բացարձակ հեղինակություններ էին։ Նրա աշխարհագրական երկերի վրա («Այրարատ», «Շիրակ», «Սիսական») սովորում էինք Հայաստանը, և, նրա պես, չտեսած հայրենիքի նվիրական վայրերը, սիրում էինք մի ան բացատրելի սիրով։ Մտնում ենք հայր Ալիշանի խուցը, մի ոչ մեծ սենյակ ծովահայաց լուսամուտով։ Գրասեղանին հակած է մի ալևոր՝ փոքրամարմին, անարյուն, դալուկ մի սուրբ… և գրում է։ Մի վայրկյան դիտում եմ անշուք խուցը… Ամեն կողմ գիրք՝ աթոռների վրա, սեղանի վրա. մի պարզ անկողին՝ սնարին Աստվածամոր պատկերը. Մի փոքր սեղանի վրա մի գրաֆինկա՝ ջրով լի, կողքին մի բաժակ։ Եվ ուրիշ ոչինչ։

Ալիշանը բարձրացնում է գլուխը, խոշորացույց ակնոցների միջով նայում են ինձ երկու փայլուն, մեծ աչքեր:

Հուզմունքով համբուրում եմ ջլուտ ձեռքը, որ կերտել է այն պատկառելի հատորները:

– Ապրիք, զորանաք, ուրկե՞ կուգաք, — հարցնում է Ալիշանը տակավին առույգ ձայնով:

Հայր Սիմոնը պատասխանում է իմ փոխարեն.

– Ուսանող է Վիեննայի, կովկասահայ է:

Ես հայտնում եմ իմ մեծ ուրախությունը, որ բախտ ունեցա տեսնելու մեր բոլորիս պաշտելի Նահապետին և այսպես առույգ, առողջ … Ալիշանը ժպտում է մեղմակի, ապա հարցնում է՝ ի՞նչ եմ ուսանում, ինչքա՞ն պիտի մնամ Վենետիկ:

Ես շնորհակալ եմ, հրաժարվում եմ սուրճից:

– Սակայն դուն գնա՜, — ասում է Ալիշանը:

– Կովկասի հայերը սուրճ չեն սիրեր. դուք թեյ կսիրեք:

Ասկե շատ տարիներ առաջ պարոն Մինասարովը, հայտնի ազգային մը, գիտե՞ք զինքը:

– «Քնար Հայկական»-ի խմբագիրը, թերևս:

– Ապրես, գիտուն մանչ ես. այո՛, ան Պետերբուրգեն այցի էր եկած վանքը ու ինձի սամովար մը նվեր բերած էր. ըսավ ինձի – վարդապետ, թեյ խմել սովորե, աշխատանքի ժամանակ աղեկ է: Չգործածեցի, հոն կմնա վանքի մեկ անկյունին մեջ:

Տպարանում գնել էի Ալիշանի մեծ լուսանկարը, հիմա խնդրում եմ, որ բարեհաճի իր անունը գրել նկարի ներքո, որ շատ թանկագին հիշատակ կլինի ինձ համար:

Ալիշանը ամուր ձեռքով, դանդաղ ստորագրում է իր ներշնչող անունը:

Ավելի քան կես դար այս խուցում կամ նման խուցում, իր ողջ երիտասարդությունը, կքել է նա սեղանին, որի վրայով անցել են անթիվ գրքեր հին ու նոր լեզուներով, հայացքը Ադրիականի ոսկի ալիքներին և ականջը մշտամրմունջ ջրերին, և ժողովրդից հեռու, հայրենիքից հեռու, բայց հոգով մոտ, սրտով մոտ, երգել է իր «Նվագ»–ները (հինգ հատոր՝ I հ. «Մանկունի», II հ. «Մաղթունի» և «Բնունի», III հ. «Հայրունի», IV հ. «Տիրունի» և V հ. «Տխրունի»), երազելով հայրենիք, տիեզերք, անհունություն, հավերժություն…

Այս խուցում ներշնչված Մովսես Խորենացու և Անանիա Շիրակացու ներկայությամբ, անխոնջ համբերանքով և ավյունով պրպտել է ողջ մատենագրությունը՝ պատմական և աշխարհագրական, արդի հայ գրականությունն ու մամուլը, հավաքել է անթիվ տեղեկություններ Հայաստանի ամեն մի վայրի մասին՝ հին և նոր։

Ալիշանը գիտնական աշխարհագետ էր, անդամ եվրոպական աշխարհագրական ընկերությունների, հմուտ ու շատ կարդացած էր. խորապես ծանոթ եվրոպական գիտնականների գործերին՝ Ա. Հումբոլդի, Կ. Ռիտերի, էլ. Ռեկլյուի, այլև հին ու նոր ուղեգրությունների, սակայն, նա գրքերից կոմպիլյացիա կազմող չէր՝ չոր ու ցամաք, այլ, առանց նյութական աչքերով տեսնելու Հայաստանը, հոգով տեսավ նա դարերի մշուշների մեջ թաղված Հայաստանը, տեսավ տարածություններով հեռու վայրեր, այցելեց Հայաստանի ամեն մի կետը, սիրեց, ապրեց ամեն մի հողի կտորը, շնչավորեց ավերակները, գգվեց, հիացավ նրանցով։ Իր հատորների և մեր հոգիների մեջ վերակերտեց նա Հայաստան աշխարհը և պատեց մի վիպական, բանաստեղծական մթնոլորտով՝ գեղեցիկ, հրապուրիչ, առասպելական, բայց և իրական։