Այս ՀԱՅԸ ստացել է «պահապան հրեշտակ հայ լեզվի» ՄԱԿԱՆՈՒՆԸ․ Գիտե՞ք, ինչ մեծարժեք ներդրում է ունեցել հայ մատենագիտության ասպարեզում․ ՃԱՆԱՉԵ՛ՆՔ նրան․

Մատենագետ, թարգմանիչ, բանասեր ԱՐՍԵՆ ՂԱԶԻԿՅԱՆ ծնվել է Թուրքիայի հայաբնակ Պարտիզակ ավանում: 1895թ. դարձել է Մխիթարյան միաբանության անդամ, սկսել գրական-թարգմանական և մանկավարժական գործունեությունը։ Նախապես գրել է գրաբար, ապա անցել աշխարհաբարի` դառնալով վերջինիս հետևողական պաշտպանը։ Թարգմանել է եվրոպական դասական և իր ժամանակի բանաստեղծների շատ երկեր, այդ թվում` Հոմերոսի «Իլիական»-ը և «Ոդիսական»-ը, Վիրգիլիոսի «Էնեական»-ը, Հորացիոսի «Արվեստ քերթողական»-ը, «Ռոլանդի երգը» ֆրանսիական և գերմանական դյուցազնավեպերը և այլն։

Զարգացման նոր աստիճանի է հասցրել արևմտահայ բանաստեղծական լեզուն։ Հայերենի անաղարտության ջատագով լինելու համար ստացել է «պահապան հրեշտակ հայ լեզվի» մականունը։ Հայերեն է դասավանդել Մխիթարյանների մի շարք դպրոցներում, գլխավորապես Վենետիկում և Կ.Պոլսում։ Միաբանության հանձնարարությամբ 1898թ-ից զբաղվել է Գ.Զարբհանալյանի «Հայկական մատենագիտության» խմբագրման ու լրացման գործով, որը վերածվել է ինքնուրույն մատենագիտության ստեղծման։ Աշխատանքը տևել է 14 տարի, հրապարակել է մաս առ մաս 1909-14թթ` «Հայկական նոր մատենագիտություն և հանրագիտարան հայ կյանքի» վերնագրով։

Ընդգրկում է հայ տպագիր գիրքը 1512թ-ից մինչև 1905թ.։ Կազմված է հեղինակների ազգանունների (հին հեղինակների անունների) և մասամբ վերնագրերի այբբենական կարգով։ Նյութերի ընդգրկման համեմատական լրիվությամբ, տեղեկատվության ճշգրտությամբ և բազմակողմանիությամբ նրա աշխատությունը մեծարժեք ներդրում է հայ տպագիր գրքի մատենագիտության ասպարեզում։ Ըստ նրա ծրագրի` մատենագիտությունը պետք է ընդգրկեր նաև այլալեզու հայագիտական գրականությունը և ամբողջ հայ պարբերական մամուլը։ Հայոց Ցեղասպանության (1915թ.) օրերին Պարտիզակում կորել է ձեռագրերի շարունակությունը, և հրատարակությունն ընդհատվել է Ն տառի սահմանում (Նուրիխան տերմինով)։ Մահացել է Իտալիայի Պադուա քաղաքում: