«Այդ ինչ ծանր քար են դրած քո մեջքին։ Վախեցա՞ր․ գրելիք բան մը չկա։ Ես կենսագրություն չունիմ». գիտե՞ք՝ ովքեր էին խնդրել Ավ․ Իսահակյանից կենսագրական տեղեկություններ հավաքել Ղևոնդ Ալիշանի մասին

Հայաստանը ո՛չ ոք այնպես չգիտե, ինչպես նա, ո՛չ ոք այնքան չի սիրել, որքան նա, այս մեծ հայրենասերը։ Իրականությունը նրա գրչի տակ երազ է դարձել և երազը՝ իրականություն։

Լուսանկարը վերցնում եմ խորին շնորհակալությամբ, նորից համբուրում եմ բազմաշխատ ձեռքը և խուցից դուրս գալիս։

Տակավին Վենետիկ էի, երբ Պետերբուրգի հայ ուսանողների մի խմբակից նամակ ստացա։ Գրում էին, որ ուսանողների այդ խմբակը ձեռնարկել է ժամանակակից հայ անվանի մարդկանց կենսագրությունը գրել ժողովրդական լայն խավերի համար։ Դիմում էին ինձ, որ անմիջապես Ալիշանից կենսագրական տեղեկություններ, փաստեր, դրվագներ խնդրեի, պատմեր ինձ և նույնպես միաբաններից հավաքեի նյութեր, նաև հարցնեի նրա կարծիքը թրքահայերի հարցի մասին (Հայկական հարց)։

Այս նամակով զինված, գնացի Ալիշանի մոտ։ Ալիշանը հեգնանքով ասաց.

– Այդ ինչ ծանր քար են դրած քո մեջքին։ Վախեցա՞ր․ գրելիք բան մը չկա։ Ես կենսագրություն չունիմ։

Ասաց, որ իրեն 8 — 9 տարեկան հասակում Կ. Պոլսից բերել են Ս. Ղազար, նվիրել են վանքին։ Սկսել է աշակերտել միաբանության դպրանոցում, ավարտել է շատ մատաղ տարիքում, ուսանող է եղել և մի քանի տարի էլ Փարիզի Մուրադյան հայ վարժարանում դասատու և վարիչ է եղել։ – Եվ քանի մը գրքեր եմ գրած։ Ուրիշ ալ ըսելիք չունիմ։ Գրքեգիրք՝ ատ է եղած իմ ճամփան։ Ուրիշ տեղեր չեմ գացած։

Հետո ասաց, որ աշխարհականները կենսագրական ունին, կարող են ունենալ։ Գործեր կբռնեն, կընկնին, կելնեն։ Ճամփորդություններ կկատարեն, կկռվին, դատեր կվարեն, կամուսնանան, երեխաներ կունենան և այլն, և այլն։

Ինչ վերաբերում է Հայկական հարցին, Ալիշանն ասաց հետևյալը, որ ես շարադրում եմ արևելահայ բարբառով.

– Իհարկե, հայ ժողովուրդը լավ գիտեր, որ իր սեփական ուժերով չպիտի կարողանար թոթափել թուրքական լուծը, ինչպես առանց Եվրոպայի օգնության չպիտի կարողանային ազատվել ո՜չ Հունաստանը և ո՜չ Բուլղարիան։ Հայ ժողովուրդն էլ, նրանց հետևելով, հույսը դրել էր քրիստոնյա Եվրոպայի օգնության վրա, մեծ, քաղաքակիրթ պետությունների մարդասիրության վրա։ Այստեղից էլ հայ ժողովրդի մեծագույն և բազմաղետ սխալը։

Կոտորածների ժամանակ Թերզյան հայ կարդինալը գնում է Հռոմ, ընկնում է սրբազան պապի ոտները, աղերսում է, որ պապը դիմում անե քրիստոնյա մեծ պետություններին՝ Անգլիային, Ռուսիային, Ֆրանսիային, Գերմանիային, որ ջարդարար թուրքի ձեռքը բռնեն։ Սրբազան պապն ասում է. – «Այդ քրիստոնյա մեծ պետություններն են հայերին կոտորողները, ես որի՞ն դիմեմ»։

Եվրոպական պետությունները ոչ միայն չօգնեցին և չպաշտպանեցին իրենց հուսացող հայ ժողովրդին, այլ պատեհ առիթ գտան շահագործելու հայկական արյունը։ Հայ ժողովրդին վաճառեցին թուրք դահիճին, փոխարեն ստացան տնտեսական-առևտրական մենաշնորհներ։ Եվրոպացու «բարոյականը ավերված է», բարոյապես սնանկացած է նա. նախնական մարդու բնական մարդասիրությանն էլ չունի անգամ։ Նա ստախոս է, շահամոլ է և եսական։

Պետք է վերջ տալ հայերի մեջ եղած հեղափոխական ընկերությունների գործունեությանը, պետք չէ գրգռել թուրքերի մոնղոլական արյունը։ Պետք է ընդմիշտ երես շրջել այդ փչացած Եվրոպայից և գարշանքով երես շրջել։

Թրքահայերի պատրիարք Օրմանյանը քաղաքագետ մարդ է. բարեկամական հարաբերություններ է մշակում նա սուլթանի հետ։ Պետք է աջակցել նրան։ Մի բառով՝ պետք է համակերպել, ուրիշ ելք չեմ տեսնում հայերի համար։ Հետո ավելացրեց. – Ռուսահայերի վիճակը, համեմատաբար, գեշ չէ. կոտորած, հափշտակություն չկա, բայց այն պատճառով, որ ազգային դպրոցներ չունեք, հայկական դաստիարակություն չկա, լեզու և մշակույթ ճնշման տակ են, այս դրությունը ցանկալի արդյունք չի տալու։ Ռուս պետությունը իր բերանով է ասում այս։ Մի երկու տարի առաջ վանքն է այցելում ռուսական եկեղեցու սինոդի մեծը (երևի՝ Պոբեդոնոսցև, սինոդի օբեր-պրոկուրորը) իր քարտուղարի հետ։ Գրեթե բոլոր միաբանները նրա պատվի համար ոտի վրա են և քայլում են նրա հետ։ Նա տեսնում է գեղեցիկ տաճարը, ճոխ գրադարան-մատենադարանը, տպարանը, թանգարանը…

Երբ նստում են հյուրասենյակում մի բաժակ սուրճ խմելու, այդ ռուս մեծ պաշտոնյան, շնորհակալություններ հայտնելով միաբաններին, ասում Է. – Ես հիացած եմ ձեր աշխատանքի, համբերության և սիրո նկատմամբ՝ հանդեպ ձեր ազգի, բայց ցավում եմ, որ դրանք իզուր ջանքեր են, անօգուտ, աննպատակ։ Որի՞ համար են այդ անձնազոհումները, մի փոքր ժողովրդի համար՝ ցրված երկրի երեսին և մատնված կորուստի։ Թուրքիայում կոտորում են հայերիդ շարունակ, Ռուսիայում էլ հայերը ոչ ռուս ժողովուրդների հետ դատապարտված են շուտ կամ ուշ ձուլվելու։

Բոլոր միաբանները սոսկացին, սակայն, աբբահայրը (Իգնատիոս եպիսկոպոս Կյուրեղյան) հանդարտությամբ պատասխանում է. – Հայ ժողովուրդը շա՜տ ավելի ահեղ ժամանակներ ու բռնություններ է տեսել, նվազել է թվով, բայց մնացել է ոգով կայուն և անվթար։ Մեր հույսը աստծու վրա է, մեր ժողովրդի տոկունության և պատմության անիմանալի ընթացքի վրա։

Բոլոր միաբանները անխոս հեռանում են դահլիճից, իսկ մեծանուն պաշտոնյան, քարտուղարի հետ միայնակ, գնում է նավամատույց։ Ալիշանն ավարտեց խոսքը, ծանր շնչեց, լռեց մի պահ, ապա ձեռքը մեկնելով ինձ, ասաց. – Բարևներ խոսեցեք Պետերբուրգի ձեր ազնիվ ընկերներին, նաև իմ շնորհակալությունը՝ իմ հանդեպ ունեցած նրանց հարգանքի համար։ Շրջահայա՛ց եղեք, սիրեցե՛ք հայոց լեզուն, Հայաստան աշխարհը և սիրեցե՜ք միմյանց։ Ես խոնարհեցի գլուխս և դուրս ելա նվիրական խուցից։

Երբ մեկնում էի Վենետիկից, գնացի Ալիշանի մոտ՝ վերջին անգամ տեսնելու և հրաժեշտ անելու։

Օրհնեց ինձ, բարիքներ մաղթեց և ողջույն ուղարկեց Խրիմյան Հայրիկին։

– Ինձմեն հարյուր օրով մեծ է ան , – ասաց Ալիշանը, – բայց կըսեն, որ շատ առույգ է, ձի կնստի, հարկավ այդպես է. ան Մասիսի հովին տակ կքնանա, Արաքսի ջուրը կխմէ, Հայաստանի հացը կուտէ, անոր հողի ուժը կառնե…